ՀՀ և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիրը համապատասխան է սահմանադրականությանը
Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։
Համաձայնագրի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան էր դիմել ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը սեպտեմբերի 11-ի որոշմամբ հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին և դիմել ՍԴ՝ դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով։
Փաստաթղթով նախատեսվում է համագործակցություն ռազմական նշանակության արտադրանքի մշակման, արտադրության և փորձարկման ոլորտներում։ Կողմերը կփոխանակեն փորձ և տեղեկություններ, կիրականացնեն գիտական հետազոտություններ, ինչպես նաև կաշխատեն ռազմական արտադրանքի մշակման ու արդիականացման ուղղությամբ։
Համագործակցությունը ներառելու է նաև ռազմական նշանակության արտադրանքի շահագործման նախապատրաստում, տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, ինչպես նաև երրորդ երկրներում արտադրված ռազմական արտադրանքի կատարելագործման, վերանորոգման և սպասարկման ծառայությունների մատուցում։
Համաձայնագրի իրականացման նպատակով Հայաստանը և Լեհաստանը կձևավորեն համատեղ հանձնաժողով՝ երկու երկրների հավասար թվով ներկայացուցիչներով։ Հանձնաժողովի նիստերը հերթականությամբ կանցկացվեն Հայաստանում և Լեհաստանում։
Փաստաթղթով առանձին անդրադարձ է կատարվում նաև գաղտնի տեղեկությունների պաշտպանությանը։ Այդ հարցը կարգավորվելու է կողմերի միջև կնքվելիք առանձին համաձայնագրով, իսկ մինչև դրա ուժի մեջ մտնելը կգործեն 2004 թվականին ստորագրված հայ-լեհական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի համապատասխան դրույթները։
Սահմանադրական դատարանը 2026 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ արձանագրել է, որ համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։
Սահմանադրական դատարանը գործը քննել է գրավոր ընթացակարգով։ Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Արթուր Վաղարշյանը, կազմով` նախագահող Վլադիմիր Վարդանյանի, դատավորներ Արման Դիլանյանի, Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի:
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից։