Ճամբարակի դպրոցում աշակերտների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին. ՆԳՆ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ավագ դպրոցում 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ համայնքային ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել. հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է նախաքննական մարմին։
Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ, ըստ ծնողների ահազանգի, դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով 11-րդ դասարանի աշակերտներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել, կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց և վիրահատվել։
Ծնողների պնդմամբ՝ սա դպրոցում տեղի ունեցած առաջին նման միջադեպը չէ։ Նրանք նաև մտահոգություն էին հայտնել դեպքի պատշաճ քննության և մասնակիցների պատասխանատվության ենթարկելու հարցում։
Միջադեպի վերաբերյալ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մեխակ Ավալյանն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքի մասին տեղեկություն չունի և հերքել էր, որ այն տեղի է ունեցել դպրոցի տարածքում։
Փաստի առնչությամբ նյութերն այժմ ուղարկվել են նախաքննական մարմին՝ հետագա ընթացքը որոշելու համար։
Արմինե Մկրտումյան