4 տրիլիոն դրամի բյուջե, 5,8% տնտեսական աճ․ ֆիննախը ներկայացրել է 2027-ի բյուջեն
Երեք տարի առաջ Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած ռազմավարական քննարկման ժամանակ արձանագրեցինք, որ մեր առաքելությունն է ստեղծել Հայաստանի բեկումնային զարգացմանը սպասարկող նորարար ֆինանսական համակարգեր և հավատացինք դրան անշեղորեն։ 2021-2025 թվականներին ունեցել ենք միջինում 7,9 տոկոս տնտեսական աճ և կարող ենք ասել, որ բեկումնային այս զարգացումը, իսկապես, տեղի ունեցել: Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ նիստում «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս։
Նշվել է, որ 2021 թվականի համեմատ բյուջեի ծախսերը կրկնապատկվում են՝ հասնելով 4 տրիլիոն դրամի։ 2022 թվականի համեմատ կրկնապատկվում են նաև կապիտալ ծախսերը։ Կապիտալ ծախսերի աճը ոչ միայն նշանակում է ավելի շատ հիմնական միջոցներ ու ենթակառուցվածքներ, այլ նաև պետական ու մասնավոր հատվածի կարողությունների կրկնապատկում՝ կապիտալ ծախսերի իրագործումն ապահովելու համար։
«Կապիտալ ծախսի իրականացումը միայն փողի հարց չէ, այլ նախ և առաջ համակարգերի համակցված աշխատելու կարողություն։ Եթե այսօր գրանցել ենք այդ կարողության արդյունքը, կարող ենք նաև ասել, որ զարգացումը, այո, բեկումնային է։ Այս բյուջեն նոր կառավարության 5-ամյա ծրագրի իրականացման առաջին բյուջեն է, որը պետք է ապահովի նախորդ շրջանի բարեփոխումների պատշաճ ֆինանսավորումը և ամուր հիմքեր ստեղծի ապագա ծրագրերի իրականացման համար»,- արձանագրել է նախարարը։
2027 թվականին կանխատեսվում է 5,8 տոկոս տնտեսական աճ, իսկ միջնաժամկետ հատվածում տարեկան աճը միջինում կկազմի 6 տոկոս, անվանական ՀՆԱ-ն՝ շուրջ 13 տրիլիոն 614 մլրդ դրամ, ինչը կրկնակի ավելի կլինի 2021 թվականի ՀՆԱ-ից։ Այս աճի մեջ ներառված է գնաճը, որը կուտակային այս տարիների ընթացքում կազմել է ընդամենը 23,8 տոկոս։
«Այս ցուցանիշները վկայությունն են այն հավատի, որ մենք ունեցել ենք և ունենք մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության ապագայի, իրական Հայաստանի կենսունակության և բարեկեցության հանդեպ»,- նշել է Ֆինանսների նախարարն ու հավելել, որ վերջին տարիների ամենաէական ու առանցքային փոփոխությունը ներկայի և ապագայի վերաբերյալ մոտեցումների փոփոխությունն է․ ընդարձակվել է պլանավորման հեռանկարը։
Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3 տրիլիոն 604 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 26,5 տոկոսը։ Դրանցից հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կկազմեն 3 տրիլիոն 463 մլրդ դրամ։ Հարկային եկամուտների և պետական տուրքերի հարաբերակցությունը կբարելավվի՝ կազմելով ՀՆԱ-ի 25,4 տոկոսը՝ 2026 թվականին սպասվող 24,8 տոկոսի դիմաց։
Վահե Հովհաննիսյանը մանրամասնել է հարկային քաղաքականության, աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման միտումների, հարկային պարտավորությունների հավաքագրման գործընթացի, հարկային համակարգի կանխատեսելիությանն ուղղված միջոցառումների, արտադրության տարբեր ճյուղերի խթանմանը միտված քայլերի ու այլ ռազմավարական ծրագրերի էությունը։
«Մեր նպատակը ոչ թե ավելի շատ հարկեր հավաքելն է, այլ ավելի մեծ արժեք ստեղծող տնտեսություն ունենալը՝ ավելի շատ ու ավելի արտադրողական աշխատատեղերով, բարձր իրական եկամուտներով և արդար ու արդյունավետ հարկային համակարգով։ Հենց այսպիսի տնտեսությունն է պետական եկամուտների կայուն աճի հիմքը և հենց այս տրամաբանությունն է ընկած Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի հիմքում։ Մեր միջնաժամկետ թիրախն է 2031 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կայունացնել 26 տոկոսի մակարդակում։ 2027 թվականի բյուջեն այդ նպատակին հասնելու հերթական քայլն է»,- նման արձանագրում է արել նախարարը։
Բյուջեի ծախսերը կկազմեն 4 տրիլիոն 72 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 29,9 տոկոսը, ընթացիկ ծախսերը՝ 3 տրիլիոն 311 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 771 մլրդ դրամ։
Նախարարը մանրամասն անդրադարձել է բյուջեի 4 ուղղության, դրանք են՝ առողջության համընդհանուր ապահովագրության ընդլայնում, ընտանիքների եկամուտների ու սոցիալական պաշտպանվածության ամրապնդում, երկրի անվտանգության կարողությունների ամրապնդում, տարածքային զարգացում ու համայնքներում ապրելու և աշխատելու պայմանների բարելավում։
2027 թվականին Առողջապահության նախարարության գծով ծախսերը կկազմեն 348 մլրդ դրամ, ինչը 2026 թվականի հաստատված բյուջեի համեմատ ավելի է շուրջ 136 մլրդ դրամով։
Աշխատանքի և բարեկեցության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 1 տրիլիոն 84 մլրդ դրամ, ինչը 2026 թվականի հաստատված բյուջեի համեմատ ավելի է 91 մլրդ դրամով։
Պաշտպանության նախարարության գծով նախատեսվում է 616 մլրդ դրամի հատկացում՝ 2026 թվականի հաստատված բյուջեի համեմատ ավելի քան 53 մլրդ դրամով ավելի։
Ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով նախատեսվում է տրամադրել 140 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ շուրջ 15 մլրդ դրամով ավելի։ Շարունակվելու են պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգումն ու պահպանումը, նաև՝ հյուսիս-հարավ ճանապարհային ցանցի առանձին հատվածների աշխատանքները։
Ոլորտային պատասխանատուն խոսել է ոռոգման համակարգի առողջացման ու գյուղատնտեսության արդիականացման ծրագրերի, պարտքի սպասարկման գծով աշխատանքների, ներդրումային քաղաքականության վերաբերյալ ու մանրամասնել տարբեր ծառայությունների գծով ծախսերն ու նախատեսված ծրագրերը։
«Խաղաղության օրակարգը մեզ համար ստեղծել է կայուն զարգացման հնարավորություններ, որոնցից օգտվելով է, որ մենք ունենք բեկումնային զարգացում և որակական բարելավումներ բոլոր ոլորտներում։ Առանցքում ընդունելով խաղաղության գերակայությունը՝ կարևոր է հասկանալ և ընդունել նաև, որ աշխարհը մտել է նոր փուլ, որտեղ այլևս չկա կայունության այն ձևը, որն առկա էր 20-րդ դարի երկրորդ կեսից հետո»,- ընդգծել է Վահե Հովհաննիսյանն ու խոսել նոր ժամանակների մարտահրավերների մասին՝ փաստելով․ «Այս միջավայրը ճանաչելիության կարիք ունի, այս միջավայրը պահանջում է նոր որակներ, նոր հմտություններ, նոր մտածողություն։ Ճկունությունը, անընդհատ արթուն լինելը, ամեն վայրկյան կրթվելն ու ինքնակատարելագործվելն այլևս պահանջներ են, առանց որոնց հնարավոր չէ հաջողություններ ունենալ ոչ լոկալ, ոչ էլ առավել ևս գլոբալ միջավայրում։ Սա նշանակում է, որ մենք անընդհատ պետք է վերաիմաստավորենք և վերաձևակերպենք մեր համակարգերը՝ դրանք համապատասխանեցնելով փոխվող գլոբալ միջավայրին»։
Նախարարին հարց տալու համար գրանցվել էր 21 պատգամավոր։
Մինչ բյուջետային փաստաթղթի քննարկումը պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված հարցերը։