Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից․ ինչ է ներառվել սեպտեմբերյան ներմուծման ցանկում
Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է շուրջ 96,5 հազար դոլարի ապրանք։ Մատակարարումների հիմնական մասը կազմել է ալյումինե փայլաթիթեղը, ապրանքների ցանկում ներառվել է նաև տղամարդու հագուստ։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն, նշված ժամանակահատվածում Հայաստանից այսպես կոչված անուղղակի ներմուծման ծավալը կազմել է 96,46 հազար դոլար։ Ընդ որում՝ շուրջ 95,5 հազար դոլարը բաժին է ընկել սեպտեմբերին։
Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջան է ներմուծվել 19,41 տոննա ալյումինե փայլաթիթեղ՝ 95,34 հազար դոլար արժողությամբ։
Բացի այդ, վիճակագրության մեջ նշված են սինթետիկ գործվածքից տղամարդու տաբատներ, կոմբինեզոններ, բրիջիներ և շորտեր՝ 60 դոլար արժողությամբ, 100 դոլարի բաճկոններ, ինչպես նաև տարեսկզբին Ադրբեջան ներմուծված վարդեր։
Համեմատության համար նշենք, որ հրապարակված տվյալների համաձայն՝ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի արտահանումը Հայաստան կազմել է 23,45 միլիոն դոլար։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին հասել է 37,211 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,2 տոկոսով։