«Դե, պատմական-պատմական, եկեք գրենք՝ Ուրմիա լիճն էլ է մերը, ինչո՞ւ չգրենք». Վահագն Ալեքսանյան
Սահմանադրության նոր տեքստի նախագիծը կհրապարակվի առաջիկա օրերին, որից հետո լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն նաև դրա քննարկման ձևաչափի վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ խոսելով նոր Սահմանադրության նախագծի մասին։
Հարցին, թե ինչ քննարկումներ են նախատեսվում և ինչպես է հնարավոր ընդունել Սահմանադրության նոր տեքստը, Ալեքսանյանը պատասխանել է, որ նախ նախագիծը պետք է ներկայացվի հանրությանը և անցնի հանրային քննարկումների փուլ, որից հետո այն կներկայացվի Ազգային ժողով։
«Կարծում եմ՝ նախ պետք է տեքստը ներկայացնենք հանրությանը, լինեն հանրային քննարկումներ, հետո տեքստը գա Ազգային ժողով։ Ձեր ասածը հենց այդ փուլի մասին է»,- նշել է նա։
Անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելու պատճառով իրենք դեմ են քվեարկելու նոր տեքստին՝ Ալեքսանյանն ընդգծել է, որ խոսքը գործող Սահմանադրությունից որևէ դրույթ հեռացնելու մասին չէ, քանի որ նախատեսվում է ընդունել ամբողջովին նոր Սահմանադրություն։
«Պետք է ֆիքսել, որ խոսքը հեռացման մասին չէ, որովհետև Սահմանադրական փոփոխություններ չեն, սա նոր Սահմանադրություն է, որտեղ ուղղակի չի ներառվում դա։
Հիմա, եթե ընդդիմությունը դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ պետք է մեզ բացատրի, որ մեր Սահմանադրության մեջ պետք է հղում արվի «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին» Գերագույն խորհրդի որոշմանը, ապա պատրաստ ենք քննարկել և լսել նրանց ռացիոնալ փաստարկները»,- ասել է ԱԺ փոխնախագահը։
Լրագրողի հարցին՝ արդյոք այդ հղման առկայությունը կնշանակի, որ Հայաստանը տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին, Ալեքսանյանը պատասխանել է, որ այդ ձևակերպումն ինքնին տարածքային պահանջ է ենթադրում։
«Ակնհայտ է, որ դա տարածքային պահանջ է։ Այդ ձևակերպումն ինքնին տարածքային պահանջ է, ուրիշ բան, որ Սահմանադրության մեջ դա ուղիղ տեքստով գրված չէ, և Սահմանադրական դատարանն այդ հարցի վերաբերյալ որոշում ունի»,- նշել է նա։
Երբ լրագրողը նկատել է, որ եթե հղումը պահպանվի նույն տեսքով, դրանից որևէ այլ բան չի ենթադրվի, Ալեքսանյանը հակադարձել է հեգնական արտահայտությամբ.
«Ծաղիկ, մանուշակ, վարդ, պարտեզ. նմանատիպ արտահայտություններն էլ ոչ մի բան չեն նշանակում։ Կասե՞ք՝ ինչ իմաստ ունի Սահմանադրության մեջ գրել ոչ մի բան չնշանակող արտահայտություններ»։
Դիտարկմանը, թե Անկախության հռչակագրին հղումը պատմական նշանակություն ունի, ԱԺ փոխնախագահը պատասխանել է.
«Դե, պատմական-պատմական, եկեք գրենք՝ Ուրմիա լիճն էլ է մերը, ինչո՞ւ չգրենք»,- ասել է Վահագն Ալեքսանյանը։