Կարո՞ղ եք այդ ֆենոմենը բացատրել՝ տնտեսական աճը ֆանտաստիկ է, ամեն ինչը՝ թույն, բայց ժողովուրդն աղքատ է. Մանուկյանը՝ ֆինանսների նախարարին
«Դուք ներկայացնում եք միջին աշխատավարձի ցուցանիշը։ Կարո՞ղ եք ասել՝ մեր աշխատողների քանի տոկոսն է միջին աշխատավարձից ցածր վարձատրվում, և բնակչության քանի տոկոսն է ստանում նվազագույն աշխատավարձ»,- 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Նշելով, որ իր հարցը վերաբերում է կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ կառավարության հայտարարած նպատակներից մեկը աղքատության մակարդակի նվազեցումն է, և հետաքրքրվեց, թե ինչու այն չի նվազում։
«Ինչո՞վ է պայմանավորված, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր խոստացած աղքատության մակարդակը չի իջնում։ Ավելին՝ երբ կարդում ես Կենտրոնական բանկի՝ 2026 թվականի հոկտեմբերի զեկույցը, աղքատության մակարդակի վերաբերյալ շատ մտահոգիչ պատկեր է։ Եթե այն հաշվարկում են օրական միջինը 8,3 դոլարի տրամաբանությամբ, շատ խայտառակ ցուցանիշ է։ Չեմ ուզում ասել, թե ինչ ցուցանիշ է, որովհետև ահաբեկվելու թիվ են հրապարակել»,- ասաց Մանուկյանը։
Պատգամավորը կրկին հարցրեց, թե աշխատողների քանի տոկոսն է միջինից ցածր աշխատավարձ ստանում, և բնակչության որ մասն է վարձատրվում նվազագույն աշխատավարձով՝ ընդգծելով տնտեսական աճի և բնակչության սոցիալական վիճակի միջև առկա հակասությունը։
«Կարո՞ղ եք այդ ֆենոմենը բացատրել՝ ձեր ներկայացրած ամեն ինչ շատ լավ է, շատ ֆանտաստիկ է․ տնտեսական աճ կա, գումարներն ավելացել են, ամեն ինչ բարձրացել է, ամեն ինչ՝ թույն, բայց ժողովուրդն աղքատ է ապրում։ Շիրակի մարզում աղքատության մակարդակը շուրջ 50 տոկոսի շեմին է»,- հայտարարեց պատգամավորը։