«Ես կարգալույծ հոգևորականի օրհնության կարիքը չունեմ. ավելին չեմ ասում, որ տարեց մորը չցավեցնեմ». Համբարձումյանը՝ Արման Սարոյանի մասին
«Ես կարգալույծ հոգևորականի օրհնության կարիքը չունեմ»,- քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի, եթե Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Գևորգ Սրբազան Արման Սարոյանը փորձի իրեն մոտենալ կամ օրհնել եկեղեցում։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Արման Սարոյանը փորձել է իր հետ կապ հաստատել կամ քննարկել տեղի ունեցած իրադարձությունները՝ Համբարձումյանն ասել է, որ երկար ժամանակ խուսափել է այդ թեմայով խոսելուց՝ վերջինիս տարեց մորը չվիրավորելու համար։
«Ես այս հարցին տևական ժամանակ չէի պատասխանում մի պատճառով՝ չէի ուզում ցավեցնել իր տարեց մորը։ Ես հարգում եմ իր ընտանիքին, այլ հարց են մեր հարաբերությունները։ Մենք մեկ տարուց մի փոքր ավելի որևէ շփում չունենք»,- ասել է նա։
Լրագրողների դիտարկմանը, որ նախկինում Արման Սարոյանի հետ ջերմ հարաբերություններ է ունեցել, և հարցին, թե բարձր է գնահատել նրա մարդկային որակնե՞րը, թե՞ միայն եկեղեցական դիրքն է հարգել, Համբարձումյանը պատասխանել է.
«Ես իրեն էլ եմ հարգել, իր եկեղեցական դիրքն էլ եմ հարգել, իրեն որպես մարդ ընդունել եմ։ Եկեք այսքանով սահմանափակվենք»։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ինքը կալանքի տակ էր, երբ Արման Սարոյանը սկսեց Հայ առաքելական եկեղեցու դեմ քայլերը՝ Համբարձումյանն ընդգծել է, որ յուրաքանչյուրի գործողությունների գնահատականը թողնում է Աստծուն։
«Եկեք մեր արածների գնահատականը թողնենք Աստծուն, թող նա գնահատի։ Երբ ժամանակը գա, Աստված կգնահատի տվյալ հոգևորականի կամ աշխարհիկ մարդու, քաղաքական գործչի քայլերը»,- նշել է Համբարձումյանը։