Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Յաշար Գյուլեր
Թուրքիան և Ադրբեջանը փոխադարձ վստահության հիման վրա ընդլայնում են ռազմական համագործակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով համատեղ զորավարժություններին և պաշտպանական արդյունաբերությանը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, հաղորդում է TRT Haber-ը։
«Թուրքիայի պաշտպանական և անվտանգության քաղաքականությունը չի սահմանափակվում սեփական սահմանների պաշտպանությամբ, այլ ընդգրկում է լայն աշխարհագրություն և ենթադրում մեծ պատասխանատվություն։ Այսօր մեր զինված ուժերը, երկկողմ ռազմական համագործակցությունից բացի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, Եվրամիության և ԵԱՀԿ-ի շրջանակներում առանձնահատուկ ներդրում են ունենում խաղաղության պահպանման, ճգնաժամերի կանխարգելման և կայունության ամրապնդման գործում։
Այս համատեքստում մենք փոխադարձ վստահության հիման վրա ամրապնդում ենք ռազմական համագործակցությունը մեր մտերիմ եղբայրական Ադրբեջանի հետ՝ առաջին հերթին համատեղ պատրաստության և զորավարժությունների, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտներում»,- ասել է Գյուլերը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։
«Մենք համոզված ենք, որ կայուն խաղաղության հաստատումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը, տրանսպորտային և առևտրային կապերի զարգացմանը, ինչպես նաև տնտեսական համագործակցությանը»,- հայտարարել է Գյուլերը։