Հայաստանում TRIPP-ի պարամետրերը պետք է Բաքվի հետ համաձայնեցվեն․ Բայրամովը Ադրբեջանի պահանջը հստակեցրել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը կրող TRIPP («Թրամփի ուղի») նախագծի տեխնիկական պարամետրերը, որը նախատեսում է Հայաստանի տարածքում 42 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքի ստեղծում, պետք է անպայման համաձայնեցվի Ադրբեջանի հետ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նախարարի խոսքով՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP նախագծի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն էր։ Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել դրա իրականացման նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Բայրամովը պարզաբանել է, որ թեև բանակցություններն անցկացվել են Վաշինգտոնի և Երևանի միջև, ապագա տրանսպորտային միջանցքի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին։ Հետևաբար, նախագծի իրականացմանը մոտենալուն զուգահեռ առաջացել է դրա տեխնիկական պարամետրերը Բաքվի հետ համաձայնեցնելու անհրաժեշտություն։
«Առանց Ադրբեջանի հետ կապի այս տրանսպորտային միջանցքը պարզապես իմաստ չունի»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ որոշում է կայացվել ստեղծել համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ, որը նոյեմբերի 6-ին սկսել է աշխատանքը։
Խմբի հիմնական խնդիրն է համաձայնեցնել տեխնիկական պարամետրերը երկու ուղղությամբ՝ տրանսպորտային, որը ներառում է երկաթուղիներն ու ավտոճանապարհները, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերը։
Բայրամովը նաև հայտնել է, որ Ադրբեջանը գործնականում ավարտել է իր տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցումը, այդ թվում՝ ավտոճանապարհների և երկաթուղիների։ Գործընթացն ամբողջությամբ ավարտելու նախատեսվում է հաջորդ տարվա սկզբին։