Մայիս Եղոյանը ծանր վիճակում է. Դիտորդների խմբի ահազանգը
Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Դիտորդների խումբ) խորը մտահոգություն է հայտնում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող Մայիս Եղոյանի առողջական վիճակի, անհրաժեշտ բժշկական օգնության և ամենօրյա խնամքի ապահովման վերաբերյալ արձանագրված խնդիրների, ինչպես նաև իրավասու պետական մարմինի՝ ՀՀ Առողջապահության նախարարության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից առարկայական արձագանքման բացակայության կապակցությամբ։
Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ազատությունից զրկված անձի առողջական ծանր վիճակի վերաբերյալ բազմակի ահազանգերի պայմաններում պետական մարմինների պարտականությունը չի սահմանափակվում ընդհանուր իրավական պարզաբանումներ տրամադրելով։ Այն ենթադրում է առողջական ռիսկերի ժամանակին գնահատում, անհրաժեշտ բժշկական միջամտությունների կազմակերպում, պատշաճ խնամքի ապահովում և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ հիմնավորված արձագանք։
2026 թվականի նոյեմբերի 7-ին Դիտորդների խումբն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ մշտադիտարկելու ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, առողջության պահպանման իրավունքի իրացումը և բժշկական օգնության հասանելիությունը։ Առանձնահատուկ ուշադրության է արժանացել հիմնարկի հիվանդանոցային բաժանմունքում գտնվող Մայիս Եղոյանի առողջական վիճակը։
Դիտորդների խմբի անմիջական դիտարկմամբ՝ Մայիս Եղոյանը գտնվել է անկողնային վիճակում, ունեցել է արտահայտված ընդհանուր թուլություն, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն։ Նրա մոտ տեղադրված է եղել միզային կաթետեր, իսկ մեզն ունեցել է արտահայտված մուգ, գրեթե սև գունավորում։ Մահճակալի մոտ առկա է եղել շուրջ հինգ լիտր տարողությամբ տարա, որը, ըստ անձի բացատրության, օգտագործվել է կաթետերի պարկը դատարկելու նպատակով։ Մայիս Եղոյանի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը նախկինում գնահատվել է ծանր՝ 70 տոկոս, իսկ 2026 թվականի նոյեմբերին իրականացված կրկնակի գնահատմամբ՝ կրկին ծանր՝ 68 տոկոս։
Նրա հաղորդմամբ՝ առողջական վիճակը վատթարացել է։ Սեպտեմբերի 29-ի այցից հետո իրենից վերցվել է արյան նմուշ, սակայն հետազոտության արդյունքները չեն տրամադրվել։ Միզային կաթետերը, ըստ իր հաղորդման, վերջին անգամ փոխվել է շուրջ երեք-չորս ամիս առաջ, իսկ տեղադրման հատվածում մշտապես զգում է ցավ և այրոց։
Անձի հաղորդմամբ՝ ինքնուրույն փոխում է տակդիրը և դատարկում կաթետերի պարկը՝ չնայած ֆունկցիոնալ ծանր սահմանափակումներին։ Խուսափում է բավարար չափով սնվելուց՝ խնամքի դժվարությունների պատճառով։ Անձնական հիգիենան հիմնականում ապահովում է խոնավ կտորներով, իսկ պատշաճ լոգանքը, իր հաղորդմամբ, վերջին մեկ տարում կազմակերպվել է ընդամենը երկու անգամ։ Նմանատիպ հանգամանքներ Դիտորդների խումբը արձանագրել է նաև 2026 թվականի սեպտեմբերի 29-ի այցի ընթացքում։
Նշված հանգամանքները պահանջում են անհապաղ մասնագիտական բժշկական փորձագիտական գնահատում։ Դիտորդների խումբը չի կանխորոշում դրանց բժշկական պատճառները և չի ներկայացնում չհաստատված ախտորոշումներ։
Դիտորդների խումբը Մայիս Եղոյանի առողջական վիճակի և պատշաճ խնամքի խնդիրների վերաբերյալ իրավասու մարմիններին տեղեկացրել է դեռևս 2025 թվականի դեկտեմբերից։ 2026 թվականի նոյեմբերի 12-ին Խումբը պաշտոնական գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ պահանջելով համակողմանի ուսումնասիրություն, անհրաժեշտ հետազոտություններ և բուժօգնություն, նախկին հետազոտությունների արդյունքների պարզաբանում, ինչպես նաև պատժի հետագա կրման հետ առողջական վիճակի համատեղելիության գնահատում։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ 2026 թվականի նոյեմբերի 17-ի պատասխան գրությամբ, ըստ Դիտորդների խմբի գնահատման, առարկայական պարզաբանումներ չեն տրամադրվել իրականացված կամ նախատեսվող հետազոտությունների, բուժման, խնամքի և առողջական վիճակի գնահատման վերաբերյալ։ Պատասխանում հիմնականում ներկայացվել են բժշկական օգնության և բժշկական գաղտնիքի վերաբերյալ ընդհանուր կարգավորումներ։ Հարկ է նշել, որ Դիտորդների խմբի գրությանը կցվել են անձանց համաձայնության թերթիկները։
Տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Բժշկական գաղտնիքի պահպանումը կարևոր իրավական երաշխիք է, սակայն այն չի վերացնում իրավասու մարմինների՝ առողջական ծանր վիճակի վերաբերյալ ահազանգերն ուսումնասիրելու և օրենքով թույլատրելի շրջանակում հիմնավորված արձագանք տրամադրելու պարտականությունը։ Տեղեկությունների տրամադրման իրավաչափ ծավալը պետք է որոշվի գործող օրենսդրությամբ և համաձայնության բովանդակությամբ։
ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածով երաշխավորվում է մարդու արժանապատվության անխախտելիությունը, 24-րդ հոդվածով՝ կյանքի իրավունքը, 25-րդ հոդվածով՝ ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, իսկ 85-րդ հոդվածով՝ առողջության պահպանման իրավունքը՝ օրենքին համապատասխան։
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 91-րդ հոդվածը կարգավորում է դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը, իսկ 135-րդ հոդվածը՝ հիվանդության հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդության ընթացակարգը։ Ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճանն ինքնին չի նշանակում պատժից ազատման հիմքի առկայություն, սակայն պահանջում է պատշաճ բժշկական և իրավական գնահատում։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը պաշտպանում է կյանքի իրավունքը, իսկ 3-րդ հոդվածը արգելում է խոշտանգումները և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքը։ ՄԻԵԴ-ի՝ Kudła v. Poland (2000) գործով ձևակերպված սկզբունքների համաձայն՝ պետությունը պարտավոր է ապահովել ազատությունից զրկված անձի առողջության և բարեկեցության պատշաճ պաշտպանությունը՝ անհրաժեշտ բժշկական օգնությամբ։
ՄԱԿ-ի Նելսոն Մանդելայի կանոնների 24–27-րդ կանոնները շեշտում են պետության պատասխանատվությունը բանտային առողջապահության համար, բժշկական ծառայությունների համարժեքությունը, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը և անհետաձգելի ու մասնագիտացված բուժօգնության հասանելիությունը։
Եվրոպական բանտային կանոնների (Rec(2006)2-rev) 39–40-րդ, 43.3-րդ, 44-րդ և 46.1-րդ կանոններն ընդգծում են առողջության պաշտպանության, բուժօգնության կազմակերպման, հիգիենայի պայմանների գնահատման և անհրաժեշտ մասնագիտացված բուժման հասանելիության պահանջները։ Այս կանոնները կարևոր չափորոշիչներ են։
Արձանագրված հանգամանքների ամբողջությունը վկայում է առողջության և արժանապատիվ պահման պայմանների հետ կապված լուրջ ռիսկերի մասին։ Պատշաճ բժշկական օգնությունը չի սահմանափակվում դեղորայքի նշանակմամբ կամ պարբերական զննությամբ. այն ներառում է բուժման շարունակականություն, անհրաժեշտ հետազոտություններ, ամենօրյա խնամք, սնուցում, հիգիենա և առողջական վիճակին համապատասխան կենսապայմաններ։
Ելնելով վերոգրյալից՝
Դիտորդների խումբը պահանջում է․
1. Անհապաղ կազմակերպել Մայիս Եղոյանի առողջական վիճակի համակողմանի բժշկական գնահատում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նեղ մասնագետների և կազմակերպելով տեղափոխում մասնագիտացված բուժհաստատություն։
2. Պարզել արձանագրված ախտանշանների և գանգատների պատճառները, գնահատել կաթետերի վիճակը և բժշկական ցուցումներով իրականացնել անհրաժեշտ հետազոտությունները։
3. Ապահովել առողջական վիճակին համապատասխան ամենօրյա մասնագիտական խնամք, հիգիենա, սնուցման կարիքների գնահատում և անկողնային վիճակի բարդությունների կանխարգելում։
4. Պարզել նախկինում իրականացված հետազոտությունների արդյունքները և ապահովել անձի տեղեկացումը և բժշկական փաստաթղթերին օրինական հասանելիությունը։
5. Գնահատել առողջական վիճակի համատեղելիությունը պատժի հետագա կրման հետ և իրավական հիմքերի առկայության դեպքում նախաձեռնել համապատասխան ընթացակարգը։
6. Ուսումնասիրել մինչ օրս տրամադրված բուժօգնության և խնամքի պատշաճությունը, հնարավոր ուշացումներն ու բացթողումները։
7. Դիտորդների խմբին տրամադրել առարկայական, հիմնավորված պատասխան՝ ձեռնարկված միջոցառումների և արդյունքների վերաբերյալ՝ պահպանելով անձնական տվյալների պաշտպանության պահանջները և հաշվի առնելով տրամադրված համաձայնությունը։
Ազատազրկման պայմաններում առողջության պահպանման իրավունքի արդյունավետ պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է։ Առողջական ծանր վիճակում գտնվող անձի նկատմամբ պատշաճ բուժօգնության և խնամքի հնարավոր բացակայությունը պահանջում է անհապաղ, անկախ և մասնագիտական գնահատում։
Դիտորդների խումբը շարունակելու է հետևողական հասարակական վերահսկողություն իրականացնել Մայիս Եղոյանի առողջության պահպանման իրավունքի ապահովման և իրավասու մարմինների ձեռնարկած միջոցառումների նկատմամբ։
Մարդու արժանապատվությունը, կյանքը և առողջությունը ենթակա են պաշտպանության նաև ազատազրկման պայմաններում»։