«Ակնկալում եմ Մասիսի քվեն․ Մասիսի զավակն եմ». Դավիթ Համբարձումյանը՝ ընտրական աջակցության մասին
Մասիսի համայնքապետի «Կառուցող» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյանն ակնկալում է մյուս ընդդիմադիր ուժերի աջակցությունը, սակայն առաջնային է համարում Մասիսի բնակիչների քվեն։
Այս մասին նա հայտարարել է այսօր մեկնարկած նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում։
«Այո՛, ակնկալում եմ, որ մյուս ընդդիմադիր ուժերը մեզ աջակցում են և աջակցելու են։ Մեզ, սիրելի՛ լրագրողներ ջան, աջակցում է մասիսցին՝ ամենաառաջինը։ Այստեղ շատ ընդդիմադիր ուժեր կան, իշխանական ուժեր կան, բայց Մասիսի ընտրությունը միայն այդպես չէ։ Մասիսցին է մեզ ընտրելու, ընդդիմադիր մասիսցին է ընտրելու, իշխանական մասիսցին է ընտրելու։ Ես Մասիսի զավակն եմ և ակնկալում եմ Մասիսի քվեն»,- նշել է Համբարձումյանը։
Անդրադառնալով համայնքում բնակություն հաստատած արցախցիների ընտրական մասնակցությանը՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ նա նշել է, որ անհրաժեշտ է աջակցել նրանց՝ ընտրությունը կազմակերպելու հարցում՝ օրենքով սահմանված կարգով։
«Պետք է փորձենք օգնել արցախցիներին՝ իրենց ընտրությունը ճիշտ կազմակերպելու հարցում։ Իհարկե, շտաբները կաշխատեն, մարդկանց օրենքով նախատեսված աջակցություն և խորհրդատվություն կտրամադրեն։ Իսկ թե արցախցիներն ինչ քվե կտան, ում կընտրեն, ում կքվեարկեն, դա պարզ կդառնա ընտրությունների ավարտին»,- ասել է նա։