«Եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար պատասխան կստանան». Դավիթ Համբարձումյան
Եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար պատասխան կստանան։ Այս մասին այսօր մեկնարկած նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մասիսի համայնքապետի «Կառուցող» դաշինքի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
Անդրադառնալով մրցակից թեկնածուի հետ հարաբերություններին և նախընտրական գործընթացներին՝ Համբարձումյանը նշել է, որ կողմ է առողջ քննադատությանը, սակայն անընդունելի է համարում անձին անհիմն մեղադրանքներով վարկաբեկելը։
«Ես ասել եմ, որ մենք սահմանները կպահենք այնքան ժամանակ, մինչև չեն խախտի։ Կարծում եմ՝ այդ հարցը պետք է իրենց տալ։ Մենք պատրաստ ենք պահել այդ համերաշխ մթնոլորտը, չսևացնելու մթնոլորտը։ Բայց ես կողմ եմ նաև առողջ քննադատությանը։ Ես չեմ ասում, որ նախընտրական շրջանում քննադատություն պետք չէ, բայց եթե քննադատությունը տեղին է, հիմնավոր է, եթե մարդուն շառլատանությամբ փորձեն սևացնել, վստահաբար՝ այո՛, պատասխան կստանան»,- հայտարարել է նա։
Հարցին՝ արդյոք իրեն մտահոգում են Ստեփանավանում տեղի ունեցած դեպքը, ինչպես նաև ընտրարշավի ընթացքում հնարավոր կաշառքի վերաբերյալ մեղադրանքներն ու տեսանյութերի հրապարակումները, Համբարձումյանը նախ ցավակցել է զոհված թեկնածուի ընտանիքին, ապա նշել, որ նման հանգամանքներն իրեն չեն վախեցնում։
«Նախ ցավակցում եմ թեկնածուի ընտանիքին։ Դա ցավալի դեպք է։ Առհասարակ, մեր երկրում նման դեպքերը ցավալի են։ Ինձ ոչ մի բան չի վախեցնում, կներեք այսպես արտահայտվելու համար։ Եթե մի բանի մեջ մտնում ես, հետևաբար, եթե վախով պիտի մտնես, ավելի լավ է՝ չմտնես։ Ես կարծում եմ՝ նման բաներից վախենալ պետք չէ»,- ասել է նա։