ԵԱՏՄ-ն չենք փոխարինում ԵՄ-ով․ Պապոյանը հակասություն չի տեսնում
«Ես այդտեղ որևէ հակասություն չեմ տեսնում։ Իմ նպատակը՝ որպես էկոնոմիկայի նախարար, Հայաստանի արտահանման ծավալներն ավելացնելն է ինչպես ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի, այնպես էլ Մերձավոր Արևելքի շուկաներում»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ 2027 թվականին նպատակ ունի ավելացնել Հայաստանի արտահանումը դեպի ԵՄ, ԵԱՏՄ, Մերձավոր Արևելքի երկրներ, Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան և այլ շուկաներ։
«Որտեղ կստացվի, որտեղ չի ստացվի՝ կյանքը ցույց կտա, բայց չկա որևէ տնտեսական գոտի, որտեղ արտահանման ծավալներն ավելացնելու նպատակ չունենանք»,- նշեց նախարարը։
«Մենք երբևէ նման հակասություն չենք դրել։ Իսկ ո՞վ է ասել, որ ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով։ Մենք ուզում ենք ավելի շատ վաճառել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը։