Արցախցիների բնակարանային ծրագրի գումարը 2,2 մլրդ դրամով կրճատվում է․ ի՞նչն է պատճառը
«Ըստ պաշտոնական տվյալների՝ բնակարանային ապահովման հավաստագրերից օգտվել է շուրջ 4 հազար ընտանիք, իսկ վերջին խորհրդարանական քննարկումները վկայում են ծրագրի ոչ արդյունավետության մասին»,- ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմելով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին։
Նա նշեց, որ հաջորդ տարի այդ նպատակով նախատեսված ֆինանսավորումը 2,2 մլրդ դրամով կրճատվել է, և հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այդ որոշումը։
Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ Գալստյանի ներկայացրած թվերը հնացած են։ Նրա խոսքով՝ շուրջ 9 հազար արցախցի արդեն ստացել է բնակարան ձեռք բերելու հավաստագիր, ինչը վկայում է ծրագրի ակտիվացման և արդյունավետության բարձրացման մասին։
Նախարարը նաև նշեց, որ հաջորդ տարի 2,2 մլրդ դրամով պակաս ֆինանսավորում նախատեսելը պայմանավորված է ակնկալվող պահանջարկով, իսկ անհրաժեշտության դեպքում հատկացումների չափը կավելացվի։
Գալստյանը հակադարձեց՝ ընդգծելով, որ ծրագրի արդյունավետությունը պետք է գնահատել ոչ թե տրամադրված հավաստագրերի, այլ դրանց իրացման մակարդակով։
«Ծրագրի արդյունավետությունը չի կարելի գնահատել տրված հավաստագրերի քանակով, այլ դրանց իրացման մակարդակով։ Արցախահայության կողմից շատ լուրջ քննադատություն կար առ այն, որ շուկան պատշաճ ուսումնասիրված չէ։ Շուկայի առաջարկը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց պատգամավորը՝ պնդելով, որ արցախահայության զգալի մասն այսօր էլ բախվում է բնակարանային լրջագույն խնդիրների։
Վահե Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ ծրագիրը ներկայացնելիս դրա շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել, իսկ հետագայում այն փոփոխությունների է ենթարկվել։