Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին դեմ են եկեղեցին, ընդդիմությունը և սփյուռքը. Ֆարիդ Շաֆիև
Հայաստանի ընդդիմությունը, Հայ առաքելական եկեղեցին, սփյուռքը և Ռուսաստանում գործող որոշակի ուժեր․ սրանք այն չորս ուժերն են, որոնք դեմ են Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը՝ «Խաղաղություն և անվտանգություն․ Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում» խորագրով համաժողովում։
Նրա խոսքով՝ իր նշած հայկական երեք ուժերից երկուսը կապված են Ռուսաստանի հետ։
«Ռուսաստանը մեր հարևանն է, և մենք նրա հետ լավ հարաբերություններ ունենք։ Բայց ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանում կան ուժեր, որոնք չեն ցանկանում Հայաստանի հետ խաղաղության հաստատումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Այդ ուժերն ինքնին հետաքրքիր ուսումնասիրության առարկա են։
Այսպիսով, խոսքը չորս ուժերի մասին է՝ եկեղեցու, ընդդիմության, սփյուռքի և Ռուսաստանում գործող որոշակի ուժերի։ Հենց այս հարցերով էլ մենք անմիջականորեն զբաղվում ենք»,– նշել է Շաֆիևը։