ԻՀՊԿ-ն սպառնացել է Բահրեյնին՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության և շիա հոգևոր առաջնորդի նկատմամբ դատավճռի պատճառով
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին Բահրեյնում իշխող Ալ Խալիֆա արքայատոհմին նախազգուշացրել է, որ նրա գործողությունները կարող են վտանգել իշխանության պահպանումը տարածաշրջանային անվտանգության նոր կարգի պայմաններում, հաղորդում է Mehr-ը։
Երեքշաբթի սոցիալական ցանցերում արված հրապարակման մեջ Մոհեբբին նշել է Բահրեյնի իշխանությունների երեք սխալները՝ Իրան ներխուժմանն աջակցելը, ԱՄՆ անվտանգության համակարգից կախվածության պահպանումը և շիա հոգևորականության հեղինակության նկատմամբ ոտնձգությունը։
«Եթե այս գործողությունները շարունակվեն, դրանք կվտանգեն Ալ Խալիֆայի վարչակարգի գոյատևումը տարածաշրջանային անվտանգության նոր կարգի պայմաններում»,- գրել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։
Հայտարարությունը հնչել է, երբ Բահրեյնի քրեական դատարանը երկուշաբթի հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել մեծ այաթոլլա շեյխ Իսա Կասիմին՝ երկրի ամենաազդեցիկ շիա կրոնական գործիչներից մեկին։
Որոշումն ընդունվել է հակամարտության սրման հետնապատկերին, որն ուղեկցվել է կրոնական գործիչների և ակտիվիստների զանգվածային ձերբակալություններով, ինչպես նաև հարյուրավոր մարդկանց քաղաքացիությունից զրկելով։ Եվս չորս շիա հոգևորականներ դատապարտվել են 15-ական տարվա ազատազրկման։
Իսա Կասիմի նկատմամբ դատավճիռը և Բահրեյնի իշխանությունների գործողությունները մեծացրել են երկրում շիա համայնքի դրության շուրջ լարվածությունը։ Թեհրանն իր հերթին դեմ է Վաշինգտոնի հետ Բահրեյնի սերտ համագործակցությանը և տարածաշրջանում ամերիկյան անվտանգության համակարգի ներկայությանը։