Վարշավայի համալսարանում քննարկվել են Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման իրավական խնդիրները
Վարշավայի համալսարանում 2026 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Armenia at the Crossroads of the South Caucasus: Cultural Heritage, Law and Historical Memory» («Հայաստանը Հարավային Կովկասի խաչմերուկում. մշակութային ժառանգություն, իրավունք և պատմական հիշողություն») միջազգային աշխատաժողովը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, Վարշավայի համալսարանն (Իրավունքի և վարչարարության ֆակուլտետի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավունքի հետազոտությունների կենտրոն) ու IPW հիմնադրամի Ռուսական պետականության հետազոտությունների կենտրոնը։ Ողջույնի խոսքով հանդես եկան «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, Վարշավայի համալսարանի իրավունքի և կառավարման ֆակուլտետի առևտրային իրավունքի ամբիոնի դոցենտ, Վարշավայի համալսարանի իրավունքի և կառավարման ֆակուլտետի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավունքի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Յարոսլավ Տուրլուկովսկին, Վարշավայի համալսարանի իրավունքի և կառավարման ֆակուլտետի վարչական պատմության ամբիոնի դոցենտ Միխալ Պ. Սադլովսկին և մարդու իրավունքների և անվտանգության հարցերով փորձագետ Անջեյ Կլիմչիկը։ Աշխատաժողովի առանձնահատկությունը պատմաբանների և իրավագետների երկխոսությունն էր, որտեղ մշակութային ժառանգությունը դիտարկվեց ոչ միայն որպես անցյալի ուսումնասիրության առարկա, այլև որպես միջազգային իրավունքի և պատասխանատվության խնդիր։
Սեմինարի քննարկումները ցույց տվեցին, որ մշակութային ժառանգության արդյունավետ պաշտպանությունը և դրա նկատմամբ անհիմն պահանջների կանխումը հնարավոր են միայն պատմաբանների, իրավաբանների ու միջազգային կառույցների համագործակցության միջոցով։