Միշուստինը ծանոթացել է ռուսական արտահանող ընկերությունների նորարարական մշակումներին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը «Արված է Ռուսաստանում» («Сделано в России») համաժողովի շրջանակում այցելել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են արտահանմանն ուղղված ռուսական ընկերությունների նորագույն տեխնոլոգիական լուծումները։
Միխայիլ Միշուստինը ցուցահանդեսի շրջայցը սկսել է «Նեքս-Տ» ընկերության տաղավարից։ Ընկերությունը զբաղվում է դիսփլեյների, ինտերակտիվ սարքավորումների և այլ էլեկտրոնային սարքերի արտադրությամբ։ Այն կրթության և ներառական ուսուցման համար նախատեսված ինտերակտիվ համալիրների ստեղծման առաջատարներից է։
Ցուցահանդեսի գլխավոր նմուշներից է բեռնատարների, բեռնարկղերի և երկաթուղային վագոնների զննման համար նախատեսված ԿԻՈւ-273 գերհզոր կլիստրոնը։ Այն ճառագայթում է առաջացնում, որի միջոցով հնարավոր է առանց բեռները բացելու պատկերել դրանց պարունակությունը և ճանաչել նյութերը։
Ծանոթանալով նորարարական համակարգին՝ Միշուստինը նշել է, որ զննման սարքավորումները պետք է արագ աշխատեն, իսկ ապրանքների և ծառայությունների տեղաշարժի թափանցիկությունը պետք է ապահովվի այնպես, որ պետական միջամտությունը չզգացվի։
«ԵԱՏՄ տարածքում մեր հիմքը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն է»,- ընդգծել է Ռուսաստանի վարչապետը։
«Լորետ» ընկերությունն էլ Միխայիլ Միշուստինին ներկայացրել է «Ռաստորոպշա 2.0» համալիրը, որը նախատեսված է Երկրի հեռահար զոնդավորման արբանյակներից տվյալներն իրական ժամանակում ստանալու համար և կարող է աշխատել ծայրահեղ պայմաններում։
Նման կայաններ արդեն գործում են Մոսկվայում, Նարյան Մարում, Մուրմանսկում և Անադիրում։ 2026 թվականի ամռանը համալիրը մատակարարվել է նաև Բելառուսին։