«Կուրսի չեմ». ծեծկռտուք՝ Ճամբարակի դպրոցում․ աշակերտը կոտրվածքով վիրահատվել է, իսկ տնօրենն անտեղյակ է
Գեղարքունիքի Ճամբարակ համայնքի ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին NEWSPRESS.am-ին ահազանգել են դպրոցի ծնողները, ովքեր մտահոգված են միջադեպի առնչությամբ:
Նրանց փոխանցմամբ՝ վեճը տեղի է ունեցել 4-5 անչափահասների միջև: 3-4 տղա՝ 11-րդ դասարանի աշակերտ Ա.Մ.-ն, 12-րդ դասարանի աշակերտներ Կ.Հ-ն և Գ.Ս-ն, ինչպես նաև Տ.Ա-ն, ծեծի են ենթարկել 11-րդ դասարանի աշակերտ Կ.Վ.-ին: Վերջինս կոտրվածք է ստացել և վնասվածքներով տեղափոխվել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց», որտեղ վիրահատվել է։
Ինչպես փոխանցեցին NEWSPRESS.am-ին, միջադեպը տեղի է ունեցել դասերի ժամին: Տղաները կռվից հետո վերադարձել են դասարան: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ուսուցիչը, կատարվածի առնչությամբ առանց մանրամասներ պարզելու և մեղավորներին պատժելու, ծեծված տղային տուն է ուղարկել:
Մեզ հետ զրույցում ծնողները նաև նշեցին, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ա.Մ.-ի կողմից ղեկավարվող տղաների «թիմը» վիճաբանությունների մեջ են ընկնում և ծեծկռտուք հրահրում։
Թե ինչու են նրա արարքները ներվում, ծնողներն իրենց վարկածն ունեն։ Ա.Մ.-ի հայրը՝ Վ.Մ.-ն, աշխատում է Ճամբարակի համայնքապետարանում՝ որպես ավագ մասնագետ։
Դեպքի մանրամասները հստակեցնելու համար, կապ հաստատեցինք դպրոցի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Մեխակ Ավալյանը, ով չցանկացավ մեկնաբանել կատարվածը:
«Կուրսի չեմ գործերի մեջ, տեղեկություն չունեմ: Ես էլ, մարդկանց նման, լսլե եմ կողքից, որ տենց ինչ-որ բան կա, բայց չգիտեմ՝ ով ա ում վնասել, կամ ինչ ա արել, ես ոչ մի բան տեղյակ չեմ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ դեպքը տեղի է ունեցել դասերի ժամին, նորանշանակ տնօրենը վրդովվեց. «Ձեր տեղեկությունները սխալ են, աղջի՛կ ջան։ Ես Ձեզ կարճ ասում եմ՝ ես ինֆորմացիա չունեմ, ինձնից մի՛ հարցրեք: Դասի ժամանակ չի եղել նման բան»:
Դիտարկմանը, որ խոսքը ոչ թե դասաժամի, այլ դասերի ընթացքում՝ դպրոցի շենքից դուրս տեղի ունեցած միջադեպի մասին է, տնօրենն ասաց.. «Դպրոցի տարածքում էլ չի եղել, էստեղ վերահսկվում ա, ամեն ինչ «կոնտրոլի» տակ ա, եթե բան եղած լինի՝ դպրոցի տարածքից դուրս պետք է եղած լինի»:
Ու, քանի որ դպրոցի տնօրենն այդքան անտեղյակ էր իր իսկ ղեկավարած դպրոցում՝ աշակերտների միջև տեղի ունեցած միջադեպից, հարց առաջացավ՝ «Դուք Ճամբարակի՞ց եք»: Այս հարցը զայրացրեց Մեխակ Ավալյանին:
«Ի՞նչ կապ ունի, լրագրողական բաներ մի արեք: Կապ չունի՝ տեղի բնակիչ եմ, թե որտեղի բնակիչ, ես խաբարներով չեմ առաջնորդվում»,- ասաց տնօրենը:
Նա հերքեց նաև տեղեկությունները, թե ծեծկռտուքի մասնակից տղաները հաճախ են նման պատմությունների մեջ հայտնվում։
«Ո՛չ, հաճախակի, որ լիներ՝ հիմա հաշվառված կլիներ»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ծնողների խոսքով՝ տղան իր պաշտոնյա հոր շնորհիվ երբեք պատասխանատվության չի ենթարկվում և իրեն ամեն ինչ թույլ է տալիս, տնօրենն արձագանքեց.
«Ո՛չ, չկա նման բան: Մեր երեխեքը շատ լավ են իրար հետ: Ես մտածում եմ, էդ երեխեն ուրիշ բանի հետևանքով ա վնասվել, պատճառը կարող է ուրիշ բան ա եղել»,- կրկին պնդելով, որ դեպքի մասին չի խոսի, քանի դեռ քննություն չի իրականացվել։
Հարցին՝ ոստիկանության աշխատակիցներն արդյոք այցելե՞լ են դպրոց՝ հարցաքննություն իրականացնելու նպատակով, տնօրենը պատասխանեց.
«Ոստիկանությունը դեռ, չի եկել, միգուցե մինչև օրվա վերջ գա, ես չգիտեմ»:
Նորանշանակ տնօրենի հետ զրույցն ուշագրավ էր հատկապես նրանով, որ ծնողների բարձրացրած մտահոգությունները՝ կապված Ա.Մ.-ի հնարավոր անպատժելիության հետ, ավելի սրվեց:
Մի կողմից՝ Մեխակ Ավալյանը կարծիք հայտնեց, որ վնասվածք ստացած աշակերտը կոտրվածքը կարող էր այլ հանգամանքներում ստացած լինել, մյուս կողմից՝ վստահեցրեց, որ դպրոցի աշակերտները «շատ լավ են իրար հետ»՝ հերքելով ու, փաստացի, պաշտպանելով, ծեծող տղաներին ու նրանց մասնակցությամբ հաճախակի միջադեպերի մասին տեղեկությունները։
Մինչդեռ փաստ է, որ տեղի է ունեցել միջադեպ, կա վնասվածք ստացած անչափահաս, իսկ ծնողները դիմել են խմբագրություն՝ իրենց մտահոգությունները բարձրաձայնելու համար։
Մնացած հարցերի պատասխանը թերևս արդեն իրավապահ մարմինների տիրույթում է, ովքեր կպարզեն միջադեպի իրական հանգամանքները և պատասխանատվության ենթակա անձանց շրջանակը։
Արմինե Մկրտումյան