«Չենք ուզում մնալ մեկուսացման մեջ»․ Ռուբինյանը՝ հայկական երկաթուղիների ապագայի մասին
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ Հայաստանը երկաթուղիների ոլորտում կարող է կորցնել իր մրցակցային առավելությունը։
«Կա խնդիր՝ կապված Հայաստանի երկաթուղիների կոնցեսիայի հետ։ Հայկական երկաթուղիները գտնվում են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո, իսկ Ռուսաստանի հետ փոխկապակցված ընկերությունները պատժամիջոցների տակ են։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ մենք կարող ենք կորցնել մեր մրցակցային առավելությունը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Ռուբինյանի խոսքով՝ հայկական երկաթուղիները վերազինելու անհրաժեշտություն կա, սակայն ռուսական կողմը, կարծես թե, այնքան էլ հակված չէ դա անել՝ հաշվի առնելով, որ ներդրումները կարող են եկամտաբեր չլինել։
«Լավ է, որ այս հարցի շուրջ քննարկում կա, և այն ընթանում է բարիդրացիական մթնոլորտում։ Հուսով եմ՝ շուտով կհասնենք որևէ հանգուցալուծման»,- նշեց նա։
ԱԺ նախագահը հարցը աշխարհաքաղաքական չի համարում՝ ընդգծելով, որ այն տնտեսական բնույթ ունի։
«Մենք պետք է գտնենք այնպիսի լուծում, որի արդյունքում կպահպանենք մեր տնտեսական մրցակցային առավելությունները։ Մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, բայց ունենք խնդիր՝ կապված մեր մեկուսացման հետ։ Մենք չենք ուզում մնալ մեկուսացման մեջ, պետք է լուծումներ գտնենք, որպեսզի չկորցնենք տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը»,- հավելեց Ռուբինյանը։