Ջերմուկի փողոցներում նկատել են արջի՝ իր քոթոթների հետ . ՇՄՆ-ն զգուշացնում է պահպանել անվտանգության կանոնները (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ։
Հիշեցնում ենք, որ վայրի կենդանիների, հատկապես ձագերի հետ գտնվող մայր արջի հետ հանդիպումը կարող է վտանգավոր լինել ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։
Հորդորում ենք պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․
- Մի՛ մոտեցեք արջերին և մի՛ փորձեք նրանց լուսանկարել կամ տեսանկարահանել մոտ տարածությունից։
- Մի՛ կերակրեք կենդանիներին և մի՛ փորձեք գրավել նրանց ուշադրությունը։
- Պահպանե՛ք հանգստություն, մի՛ վազեք և մի՛ կատարեք կտրուկ շարժումներ։
- Արջի հանդիպելիս դանդաղ հեռացե՛ք՝ կենդանուն թողնելով ազատ տեղաշարժվելու հնարավորություն։
- Հատկապես զգո՛ն եղեք ձագերի առկայության դեպքում։ Մայր արջը կարող է ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ պաշտպանելով իր ձագերին։
- Մի՛ հավաքվեք կենդանիների շուրջ և մի՛ փակեք նրանց հեռանալու ճանապարհը։
Հիշե՛ք՝ վայրի կենդանիները բնական միջավայրի անբաժանելի մասն են, և նրանց հետ անվտանգ համակեցությունը պահանջում է զգուշավոր ու պատասխանատու վարքագիծ։
Տեսանյութն՝ այստեղ: