Մարդատար գնացքների բախում Պրահայում. կան մեծ թվով վիրավորներ
Պրահայի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ բախվել են երկու մարդատար գնացքներ։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ տուժել է 15 մարդ։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական մի քանի ստորաբաժանումներ և շտապօգնության բրիգադներ։ Բժիշկները հայտարարել են բազմաթիվ տուժածներով արտակարգ իրավիճակների արձագանքման վնասվածքաբանական պլանի գործարկման մասին։
Վթարը տեղի է ունեցել Սեյֆերտովա փողոցի վրայով անցնող երկաթուղային կամրջի վրա՝ Բուլհար խաչմերուկի անմիջական հարևանությամբ, Պրահայի գլխավոր կայարանից ոչ հեռու։
Չեխիայի երկաթուղիների վարչության՝ Správa železnic-ի ներկայացուցիչ Մարտին Կավկայի խոսքով՝ բախվել են երկու մարդատար գնացքներ։ Դեպքի վայրում աշխատում են երկաթուղային և Պրահայի հրշեջ ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև փրկարարները։ Հրշեջները սկսել են ուղևորների տարհանումը։
Բախման հանգամանքներն ու պատճառները դեռևս պարզվում են։