Ծնողներն ասել են՝ ժողովուրդ ջան խնդրում ենք այս մարդուն պահեք՝ անկախ տեսանյութի բովանդակությունից. Ավինյանը՝ Իրինա Մկրտչյանի մասին
«Դպրոցի տնօրենի պաշտոնը հանրային պաշտոն չէ։ Երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնն իր հանրային բնույթով տարբերվում է ձեր զբաղեցրած պաշտոնից»,- անդրադառնալով երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի աղմկահարույց տեսանյութին՝ Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ երաժշտական դպրոցի տնօրենը պատասխանատու է դպրոցի սաների և ընդհանուր գործընթացների կազմակերպման համար, սակայն այդ պաշտոնը համարժեք չէ Երևանի ավագանու անդամի պաշտոնին։
«Բոլորը ենթադրություններ են, ոչինչ 100 տոկոսով ապացուցված չէ։ Նախկին ամուսինը ինչ-որ տեսանյութ է ձայնագրել, որով, ենթադրաբար, փորձել է շանտաժի ենթարկել անձին՝ գույքային պահանջներ ներկայացնելով։ Հիմա մենք ավտոմատ կերպով մտել ենք այդ անձնական պատմության մեջ։ Ի վերջո, համաձայնության չգալով՝ նա հրապարակել է այդ տեսանյութը։
Ասեմ ավելին՝ բա եթե ավելի վատ բաներ տեսաձայնագրած լիներ։ Վատ բաներ ասելով՝ նկատի չունեմ անօրինական գործողություններ կամ օրինականության հետ կապ ունեցող հարցեր, այլ զուտ նրանց ընտանեկան կյանքին վերաբերող դրվագներ։ Օրինակ՝ եթե տանը թաքնված տեսախցիկով նկարահանումներ աներ, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տհաճ տեսարաններ կունենայինք»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ ստեղծված իրավիճակը տհաճ է և, միանշանակ, հաճելի չէ, սակայն պետք է որոշել՝ արդյոք պետք է միջամտել անձնական կյանքին, թե ոչ։
«Հիմա արդեն, քանի որ այդ թեմայի մեջ մտել ենք, վարչական շրջանի ղեկավարը կանչել է ծնողներին։ Առիթ է եղել հասկանալու, թե ինչ վերաբերմունք ունեն ծնողները տնօրենի նկատմամբ։ Եվ ծնողները միաբերան ասել են. «Ժողովուրդ ջան, խնդրում ենք՝ այս մարդուն պահեք, որովհետև մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում և հարգում ենք՝ անկախ նրանից, թե տեսանյութում իրենց անձնական կյանքին վերաբերող ինչ կա»,- հայտարարեց քաղաքապետը։