Ադրբեջանն է թելադրում Հայաստանի սահմանադրական օրակարգը․ Վարդևանյանը՝ իշխանության հայտարարությունների մասին
«Մեր հայրենակիցներից շատերը տեղեկատվական վակուումի պայմաններում բավարար տեղեկացված չեն Հայաստանում արտաքին պարտադրանքով թելադրվող սահմանադրական օրակարգի մասին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ իրենց դիրքորոշումը հստակ է՝ թույլ չեն տալու նման զարգացում։
«Փաստացի, արդեն իսկ բոլոր տվյալները գաղտնազերծվել են։ ԱԳ նախարարը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը, ուղիղ նշել են, որ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից նախապայման կա։ Միջազգային պրակտիկայում նման դեպք չեք տեսնի, երբ մի ինքնիշխան պետություն մեկ այլ ինքնիշխան պետության սահմանադրության վերաբերյալ որևէ գնահատական հնչեցնի, առավել ևս՝ դրա փոփոխության հարց բարձրացնի»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Վարդևանյանի խոսքով՝ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում նույնպես հղումներ կան անկախության հռչակագրերին, որոնք, ի տարբերություն Հայաստանի Անկախության հռչակագրի, կոնֆլիկտածին բնույթ ունեն։ Սակայն, նրա դիտարկմամբ, այս հանգամանքի մասին համապատասխան խոսույթ չկա։
Արամ Վարդևանյանը նաև նշեց, որ Վենետիկի հանձնաժողովը ժամանակին սպառել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցը՝ այդ թվում անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությանը և դիտարկելով նաև Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքը։