Քարինջ գյուղում, 52-ամյա և 43-ամյա տղամարդիկ, ապօրինի արդյունահանում են իրականացրել (տեսանյութ)
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայութունից տեղեկություններ էին ստացվել Լոռու մարզի Քարինջ գյուղի վարչական տարածքում իրականացվող ապօրինի արդյունահանման երկու դեպքի վերաբերյալ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններն իրացրին Լոռու մարզային վարչության գործընկերների հետ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացվեցին փաստական տվյալներ, որ Քարինջ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը, առանց հատուկ թույլտվության, 2023 թվականից մինչ օրս ապօրինի արդյունահանել և իրացրել է շուրջ 45 խորանարդ մետր բազալտե գլաքար, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր չափերով՝ մեկ միլիոն 200 հազար դրամի վնաս։
Մյուս դեպքով Վանաձոր քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը նույն գյուղի վարչական տարածքում, դարձյալ առանց թույլտվության, 2025 թվականից մինչ օրս նույն զանգվածից արդյունահանել ու իրացրել է մոտ 50 խորանարդ մետր։ Այս դեպքով վնասը կազմել է շուրջ մեկ միլիոն 400 հազար դրամ։
Երկուսն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին։
Նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Հանգամանքները պարզվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։