Այնտեղ, որտեղ ճշմարտություն կա, ծնվում են իրական մշակույթն ու արվեստը. Ռուբեն Սրբազան
Դվինի Սուրբ Հարություն եկեղեցուն կից սրահում տեղի է ունեցել «Գարուն ա» ֆիլմի ցուցադրությունը։
«Երեկոյի առանձնահատուկ ջերմությունն ու հետաքրքրությունը պայմանավորված էին նաև նրանով, որ ներկաները հնարավորություն ունեցան հանդիպելու և անմիջականորեն զրուցելու ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանի և գլխավոր դերակատար Ալեքսանդր Խաչատրյանի հետ։
Հանդիպման ընթացքում ֆիլմի ստեղծողները համառոտ ներկայացրին կինոնկարի ստեղծման նպատակը, նախապատմությունն ու նկարահանման ընթացքում հանդիպած դժվարությունները, ապա պատասխանեցին հանդիսատեսի հարցերին։
Երեկոյի ավարտին երախտիքի և գնահատանքի խոսքով հանդես եկավ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ Սրբազան Հայրը շեշտեց, որ այնտեղ, որտեղ ճշմարտություն կա, ծնվում են իրական մշակույթն ու արվեստը։ Նրա համոզմամբ՝ նման ստեղծագործությունները լավագույնս են օտար աշխարհին ներկայացնում հայ ժողովրդին, մեր ազգային արժեքներն ու հայ մարդու բարոյական կերպարը։
Անդրադառնալով ֆիլմի ազդեցությանը հայ հանդիսատեսի վրա՝ Սրբազան Հայրը նկատեց, որ այն մեզ համար ունի բուժիչ նշանակություն՝ նման այն բժշկին, որը երբեմն ստիպված է ցավ պատճառել հիվանդին՝ նրան ապաքինելու համար։
Ֆիլմի հեղինակները նշեցին, որ թեև «Գարուն ա»-ն ցուցադրվել է բազմաթիվ խոշոր կինոդահլիճներում և արժանացել բազմաթիվ մրցանակների, Դվինում կայացած այս հանդիպումն առանձնանում է իր յուրահատուկ ջերմությամբ ու կարևորությամբ։ Հատկապես գնահատելի է այն հանգամանքը, որ այս ֆիլմը դիտելու առաջարկությունը եկել է երեխաների և երիտասարդների կողմից»,- ասվում է Մասյացոտնի թեմի տարածած հաղորդագրությունում։