Բաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ է
«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարկել․
«Հայ ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը նշանակալի դեր է ունեցել Բաքվի ճարտարապետական կերպարի ձևավորման գործում։ Նա ծնվել է 1874 թվականին Ստավրոպոլ քաղաքում: Իր նախագծերով հայտնի Տեր-Միքելյանը Բաքվում կառուցել է բազմաթիվ շենքեր՝ ստեղծելով ճարտարապետական բարձրարժեք գործեր։ Դրանցից, թերևս, ամենանշանավորը Բաքվի Հանրային ակումբի շենքն է՝ կառուցված 1910–1912 թվականներին։ Այսօր այն հայտնի է որպես Ադրբեջանի ֆիլհարմոնիայի շենք։
Տեր-Միքելյանի նախագծերով Բաքվում կառուցվել են նաև Յուզբաշյանների, Ադամյանների, Սադիխովների, Թաղիևների բնակելի տները և այլ կառույցներ։ Նրա նախագծերից է նաև Բաքվի Ֆիզիոթերապևտիկ ինստիտուտի շենքը։ Բաքվում հայ ճարտարապետի գործունեությունը դրանով չի սահմանափակվել․ 1923 թվականին նա և՛ Բաքվում, և՛ Թիֆլիսում կառուցել է հասարակական ու արդյունաբերական նշանակության այլ շենքեր ևս։
Գաբրիել Տեր-Միքելյանը փայլել է նաև եկեղեցական ճարտարապետության մեջ։ Հիշատակության են արժանի 1900 և 1907 թվականներին նրա կողմից նախագծված Բաքվի հայկական եկեղեցիները։ Թեև հայերի ներդրումը Բաքվի շենացման գործում անհերքելի է, սակայն ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է այն մոռացության տալ»։