Հայտնի է, թե որ հանդիպմանը կարող է մասնակցել Հայաստանի հավաքականի առաջատարը
Սաուդյան «Ալ-Ահլիի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է վնասվածքից ապաքինման գործընթացը և արդեն սկսել է ֆիզիկական վարժություններ կատարել մարզասրահում, հաղորդում է armsport.am-ը։
Ինչպես տեղեկացնում են «Ար-Ռիյադիա» և «Yalla Shoot» պարբերականները, Սպերցյանի վերականգնողական փուլը մոտենում է ավարտին։ Այս ընթացքում կիսապաշտպանն ապաքինման կուրս է անցել Հայաստանի ազգային հավաքականի բժշկական շտաբի անմիջական հսկողությամբ՝ սաուդյան ակումբի հետ նախապես համաձայնեցված անհատական ծրագրով։
Սկզբնական շրջանում մտավախություն կար, որ Սպերցյանը վնասել է աքիլեսյան ջիլը, ինչի հետևանքով կարող էր խաղադաշտից բացակայել մինչև մեկ ամիս։ Սակայն նոյեմբերի 6-ին «Ալ-Ահլին» հանդես եկավ պաշտոնական բժշկական հայտարարությամբ՝ հստակեցնելով, որ հայ կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ազդրի մերձեցնող մկանի վնասվածք։
Արդեն նոյեմբերի 12-ին մի շարք հեղինակավոր աղբյուրներ («Akhbaar24», «Al Shorouk», «Al Masry Al Youm») հայտնեցին, որ ֆուտբոլիստի ապաքինումն ընթանում է արագ տեմպերով։
Սպասվում է, որ հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարից անմիջապես հետո Սպերցյանը կմիանա «Ալ-Ահլիի» ընդհանուր խմբին։
Արաբական մամուլում որպես հայ կիսապաշտպանի վերադարձի հավանական թիրախ նշվում է նոյեմբերի 20-ին կայանալիք «Ալ-Նասրի» դեմ սկզբունքային հանդիպումը։ Այդուհանդերձ, Սպերցյանի մասնակցությունն այդ խաղին դեռևս վերջնականապես հաստատված չէ․ ամեն ինչ կախված կլինի առաջիկա օրերի բժշկական ստուգումների արդյունքներից և մարզչական շտաբի որոշումից, երբ ֆուտբոլիստը լիարժեք մարզումներ անցկացնի թիմի հետ։