«Քո պահվածքը Վիշինսկու պահվածքն է»․ Զուրաբյանը պատմեց՝ ինչու խզվեցին Փաշինյանի և ՀԱԿ-ի հարաբերությունները
Ազգային ժողովում կայացած խորհրդարանական լսումների ընթացքում քաղաքական և հասարակական գործիչները, իրավապաշտպաններն ու փաստաբաններն անդրադարձան Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին, իշխանությունների կողմից կալանքը որպես ճնշման միջոց կիրառելու պրակտիկային, դրա պատճառներին ու հետևանքներին։
«Ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ մենք ունենք նեոբոլշևիկյան մի նոր պարագլուխ։ Հայաստանը, որը ժամանակին հռչակվում էր ժողովրդավարության բաստիոն, ինչո՞ւ է վերածվում դրա գերեզմանի, և այդ գերեզմանափորը դարձել է հենց Փաշինյանը»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանը։
Նա նաև անդրադարձավ Փաշինյանի և Հայ ազգային կոնգրեսի հարաբերությունների խզման պատճառներին՝ պատմելով տարիներ առաջ տեղի ունեցած մի դրվագի մասին։
Զուրաբյանի խոսքով՝ տարաձայնությունների պատճառը «Հայկական ժամանակ»-ում Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ Վարդան Օսկանյանին վերաբերող մեղադրանքի մասին հոդվածն էր, որը մեծ արձագանք էր առաջացրել ինչպես ՀԱԿ-ում, այնպես էլ հանրության շրջանում։
«Ես ու Նիկոլ Փաշինյանը երեք ժամանոց զրույց ենք ունեցել։ Ասացի՝ դու չե՞ս հասկանում, որ քո պահվածքը սովետական նախկին դատախազ Վիշինսկու պահվածքն է։ Ասաց՝ էդ ո՞վ է»,- պատմեց Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ այդ զրույցի ընթացքում Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել շինծու մեղադրանքի հիման վրա մարդուն դատապարտելու հարցում։