Մեզ հեռացրին, մեր տեղը բերեցին ուրիշներին... ոսկե սարեր էին խոստանում»․ «Նոյի» 15 նախկին աշխատակիցները կառավարության դռանն են
Երևանի «Արարատ» («Նոյ») կոնյակի-գինու-օղու կոմբինատի 15 նախկին աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերականգնել իրենց նախկին պաշտոններում։
Լրագրողների հետ զրույցում նախկին աշխատակից Գերասիմ Գասպարյանը նշեց, որ աշխատանքից ազատման մասին ծանուցումն ստացել են սեպտեմբերի 10-ին՝ երկու ամիս ժամանակ տրամադրելու պայմանով։
«Բոլորս երկար տարիներ՝ 10 և ավելի տարի, աշխատել ենք այդ գործարանում, մեր ներդրումն ունենք։ Հիմա բոլորիս կրճատման հիմքով հեռացրել են աշխատանքից։ Խնդրում ենք կառավարությանը պատշաճ լուծում տալ այս հարցին։ Խոսքը միայն 15 աշխատակցի մասին չէ, այլև նրանց ընտանիքների ու երեխաների։
Մեզ համար անհասկանալի են կրճատման հիմքերը, քանի որ մեր աշխատանքից ազատվելուց հետո նույն հաստիքները լրացվել են այլ կազմակերպության աշխատակիցներով։ Բոլորս հայտնվել ենք անելանելի վիճակում։ Երկար տարիներ միևնույն վայրում աշխատելուց հետո նոր աշխատանք գտնելը բավական դժվար է։
Նոյեմբերի 11-ին դիմում-բողոք ենք ուղարկել ՀՀ վարչապետին և նրա աշխատակազմին՝ ներկայացնելով մեր պահանջները։ Ակնկալում ենք հանդիպում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, քանի որ դիմումում ներկայացված չեն բոլոր փաստերը։ Կցանկանայինք հանդիպել թեկուզ փակ դռների հետևում։
Դիմում-բողոք ենք ուղարկել նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, սակայն դեռ պատասխան չենք ստացել։ Ակնկալում ենք, որ կառավարությունը կկայացնի ադեկվատ և արդար որոշում»,- ասաց Գասպարյանը։
Գործարանի անվտանգության հարցերով փոխտնօրենի նախկին տեղակալ Գևորգ Պողոսյանի խոսքով՝ նոր կառավարիչների գալուց հետո աշխատակիցներին բազմաթիվ խոստումներ են տրվել, սակայն իրականությունը բոլորովին այլ է եղել։
«Առաջին հանդիպման ժամանակ ասացին՝ դիմում գրի, աշխատանքից ազատվիր։ Հարցրի՝ ինչո՞ւ, չէ՞ որ 16 տարի աշխատել եմ։ Պատասխանեցին, թե հաստիքների և աշխատողների կրճատում է։ Բայց հետո պարզվեց, որ խոսքը ոչ թե հաստիքների կրճատման, այլ կոնկրետ մարդկանց աշխատանքից հեռացնելու մասին է։ Մեզ բոլորիս հեռացնում են, իսկ մեր փոխարեն բերում «Քինգ Մարշալ» ընկերության աշխատակիցներին։
Նոյեմբերի կեսն է, ձմեռն էլ առջևում է։ Մեկը հիվանդ մայր ունի, մյուսը՝ հիփոթեք, մեր մեջ պատերազմի մասնակից էլ կա։ Ոչինչ հաշվի չառան»,- նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքից ազատման թիրախում առաջին հերթին անվտանգության աշխատակիցներն են հայտնվել։
Նախկին աշխատակիցները դիմում-բողոքներ են ուղարկել կառավարություն և համապատասխան տեսչական մարմին։ Նրանք հույս ունեին այսօր հանդիպել կառավարության որևէ ներկայացուցչի հետ, սակայն պարզվել է, որ իրենց ոչ ոք չի ընդունելու։ Նրանց հայտնել են, որ դիմում-բողոքն այժմ զեկուցման փուլում է, և խոստացել են պատասխան տալ վաղը՝ մինչև կեսօր։