«Ինձ դաս մի՛ տուր, ես գիտեմ՝ ինչն ինչ է». Սասուն Միքայելյանը՝ լրագրողին
Դե, բնականաբար, դա պետք է լիներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հանգամանքին։
«ՀԱՊԿ-ը, որպես մեր անվտանգության երաշխավոր, պատերազմի ժամանակ որևէ գործունեություն չծավալեց։ Ես չեմ ասում՝ Արցախյան պատերազմի ժամանակ, այլ Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նկատմամբ թշնամու ոտնձգությունների դեպքում ՀԱՊԿ-ը պարտավոր էր մեզ օգնել։ Սա սպասելի էր, և ես դրան սովորական եմ վերաբերվում։ Ավելի լավ է՝ մեր ժողովուրդն ի սկզբանե զգուշանա, քան հույս դնենք մեկի վրա, որը հետագայում մեզ մենակ կթողնի։ Դա պատմականորեն է եղել, դարերով այդպես է եկել»,- ասաց նա։
Հարցին՝ կարո՞ղ է Հայաստանը դառնալ ապաբլոկային պետություն, Միքայելյանը հակադարձեց՝ նշելով, որ ՀԱՊԿ-ին անդամակցելու տարիներին էլ Հայաստանը փաստացի միայնակ էր մնացել։
«ՀԱՊԿ-ը որ կար, մենք ապաբլոկայի՞ն պետություն չէինք։ Մեզ ի՞նչ են օգնել։ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ իբր Ռուսաստանի կողմից զինադադար էր հայտարարվում, ես ասում էի՝ տղե՛րք, այսօր ավելի զգույշ կլինեք»,- նշեց պատգամավորը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե ադրբեջանցի զինծառայողը հատում է Հայաստանի պետական սահմանը և որևէ հանցագործություն չի կատարում, նրան վերադարձնում են, Միքայելյանն ասաց, որ նման դեպքեր եղել են նաև արցախյան պատերազմի տարիներին։
«Ես իմ երկրի պաշտպանն եմ, մինչև այսօր էլ պաշտպանում եմ։ Դիվանագիտական, քաղաքական հարցեր կան, որոնք կարգավորվում են այլ դաշտում»,- ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ խոսքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգության մասին է, Միքայելյանը կտրուկ արձագանքեց.
«Լսի՛ր, ինձ դաս մի՛ տուր։ Ես գիտեմ՝ ինչն ինչ է, որը որից հետո է, հասկանո՞ւմ ես։ Դուք՝ լրագրողներդ, բոլորիդ չի վերաբերում, ուզում եք մի բան գտնել, որ ինչ-որ հնչեղություն ստանա»։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ հովվին խոշտանգելուց հետո միայն վերադարձնելու դեպքին՝ ՔՊ-ական պատգամավորը հարցադրումով պատասխանեց.
«Հիմա քո երազանքը խոշտանգե՞լն է՝ բերեք ծեծենք, ջարդենք, նոր տանենք տանք։ Դա Ադրբեջանի հոբբին է»։