Ուկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին
Ղրիմը Ռուսաստանին կապող կամուրջը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով վնասվել է կամրջի կամարներից մեկը։ Այս մասին հայտնում են ռուսական տեղեկատվական ալիքները:
Ըստ տարածված տեղեկությունների՝ անօդաչու թռչող սարքերից մեկի մարտական մասը ընկել է անմիջապես կամրջի կամարի վրա՝ վնասելով կառույցը։ Ռուսական աղբյուրները, սակայն, պնդում են, որ վնասվածքները ոչ էական բնույթ են կրում, և կամրջի լիարժեք շահագործումը վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ կամրջին հասցված վնասների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրի Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։ Նրա խոսքով՝ այս պահին իրականացվում է վնասների գնահատում, որոնք, նախնական տվյալներով, աննշան են։