«Դասախոսներին հեռացնում եք քաղաքական հայացքների համար»․ Ղազարյանը՝ Անդրեասյանին
«30 տարվա խնդիրները 8 ու կես տարում լուծելը, կարծում եմ, միանգամայն տրամաբանական և հիմնավոր ժամկետ է, եթե կա ցանկություն և կարողություն՝ հեղինակավոր բուհեր ունենալու»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ հեղինակավոր բուհեր ունենալու համար նախ անհրաժեշտ են հեղինակավոր դասախոսներ։
«Նրանցից շատերին համալսարաններից հեռացնում եք քաղաքական հայացքների պատճառով, իսկ բուհերի կառավարումը վերապահում քաղաքական գործիչներին։ Այս պահին ինքներդ նայեք՝ քանի բուհի կառավարման խորհրդի նախագահներ են քաղաքական գործիչներ, այդ թվում՝ դուք, որի ռեկտորը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել և ձերբակալվել»,- նշեց Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ հեղինակավոր բուհեր ունենալու համար նախ անհրաժեշտ է այդ ուղղությամբ համապատասխան քաղաքականություն իրականացնել։
Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ ինքն էլ կարող է գնահատել պատգամավորի հարցերի որակը։
«Ցավոք, բարձր կարծիքի չեմ ձեր հարցերի մասին, բայց չեմ կարծում, որ մեր քաղաքացիների ուշադրությունը պետք է փոխադարձ կսմիթներով գրավել։ Լավ կլինի որակյալ, բովանդակային խոսակցություն վարել»,- ասաց նախարարը։