«Կալանքը դարձել է մարդկանց պատժելու միջոց»․ Գոհար Մելոյանը պահանջում է խորհրդարանական վերահսկողություն Արսեն Գևորգյանի մահվան գործով
«Այսօր մեր պետության հիմնախնդիրներից է դարձել մարդու, հատկապես՝ քաղաքական իրավունքների սահմանափակումն ու ոտնահարումը»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում հայրենասիրական և հայապահպան գործունեությամբ զբաղվող մարդիկ հետապնդումների ու պատժի են ենթարկվում։ Մելոյանը նկատեց, որ երբեմնի ժողովրդավարության բաստիոն հռչակված իշխանությունն այժմ դարձել է մարդկանց քաղաքական իրավունքների սահմանափակման պատճառ։
Անդրադառնալով կալանքի կիրառմանը՝ նա ընդգծեց, որ այն, լինելով բացառիկ խափանման միջոց, վերածվել է մարդկանց պատժելու գործիքի։
Մելոյանի խոսքով՝ մարդու իրավունքների սահմանափակումներին զուգահեռ՝ իշխանության կողմից կիրառվում է նաև մարդկանց անունն ու բարի համբավն արատավորելու, թիրախավորելու պրակտիկան։ Նա մատնանշեց մոնտաժված տեսանյութերի միջոցով մարդկանց վարկաբեկելու դեպքերը՝ նշելով, որ դրանք ծանր հետևանքներ են ունենում ինչպես մարդու արժանապատվության, այնպես էլ նրա ճակատագրի վրա։
Անդրադառնալով Արսեն Գևորգյանի մահվանը՝ Մելոյանը հայտարարեց, որ նա մահացել է մի վայրում, որտեղ գտնվել է պետության հովանու ներքո, և որտեղ նման ողբերգություն չպետք է տեղի ունենար։
«Ստեփանավանից սկսած, մեզնով վերջացրած՝ ունենք մեկ պահանջ՝ արդարություն Արսեն Գևորգյանի համար և արդարություն մեր բոլոր քաղբանտարկյալ ընկերների ու գաղափարակիցների կորցրած տարիների համար»,- հայտարարեց Մելոյանը։
Նա առաջարկեց իրականացնել խորհրդարանական վերահսկողություն՝ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներն ուսումնասիրելու, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց գործերն ու պահման պայմանները վերահսկելու նպատակով։