Ազատազրկվածների գրեթե կեսը դատավճիռ չունի․ Չալաբյանը՝ Հայաստանում կալանքի համատարած կիրառման մասին
«Մեր երկրում ազատազրկված անձանց 48%-ը կալանավորներ են։ Ընդ որում՝ վերջին երեք ամսում նրանց թիվն ավելացել է ավելի քան 100-ով, որոնց զգալի մասը քաղաքական շարժառիթներով կալանավորված անձինք են»,- «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով՝ փաստացի ազատազրկվածների շուրջ 50%-ը դատավճիռ չունի, ինչը տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշն է։ Համեմատության համար Չալաբյանը նշեց, որ ԵՄ-ում այդ ցուցանիշը միջինում 25% է, Ռուսաստանում՝ 30%, իսկ Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում՝ ավելի ցածր։
Չալաբյանի խոսքով՝ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերում կալանքը դարձել է համատարած կիրառվող խափանման միջոց, և հազվադեպ են դեպքերը, երբ դատարանը մերժում է դատախազության կամ Քննչական կոմիտեի միջնորդությունը։
Նա ընդգծեց, որ դատարանները կալանք են կիրառում համատարած կերպով, մինչդեռ օրենքով այն պետք է լինի բացառիկ միջոց։
«Ոչ պատշաճ վարքագծի գնահատման չափանիշները հստակ չեն, և դատարաններին ներկայացվում են ոչ թե հիմնավորումներ, այլ պարզապես պնդումներ՝ առանց որևէ փաստական հիմքի»,- ասաց Չալաբյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունն այսօր ԱԺ-ում հնարավորություն ունի վերացնելու օրենսդրական այն բացերը, որոնք օգտագործվում են քաղաքական ընդդիմախոսներին կալանավորելու համար։