Ընդդիմադիրներին ԿԳԲ-ի պադվալները լցնելու, պարանով կախելու և տասնյակ այլ հրահանգներ․ ԱԺ-ում՝ հանրային լսումներ քաղաքական հետապնդումների մասին
«Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել այս իշխանության ռեպրեսիվ մեխանիզմի զոհ դարձած Արսեն Գևորգյանի հիշատակը»,- խորհրդարանական լսումները բացելիս հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով լսումներին զեկույցով հանդես եկավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ թեև օրենքով մարդու իրավունքները պաշտպանված են, իրականությունը բոլորովին այլ է։
Գալստյանը հայտարարեց, որ Հայաստանում իշխանությունը կենտրոնացած է մեկ մարդու և մեկ քաղաքական ուժի ձեռքում, իսկ իշխանության ճյուղերի անկախության և փոխադարձ վերահսկողության սահմանները վերացել են։
Նա հիշեցրեց նաև ԱԺ ամբիոնից հնչած՝ ընդդիմադիրներին ԿԳԲ-ի նկուղները լցնելու և պարանով կախելու մասին հայտարարությունները։
Գալստյանը նշեց, որ Հայաստանում ժողովրդավարության հետընթացն արձանագրել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները՝ անդրադառնալով լրագրողների, ընդդիմադիր գործիչների և այլ անձանց իրավունքների խախտումներին։