Պրահայում մինչև 450 հազար մարդ է մասնակցել հանրահավաքին՝ ընդդեմ պետական լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխման
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 350-450 հազար մարդ է մասնակցել հանրահավաքին՝ ընդդեմ պետական լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխման կառավարության ծրագրի։
Այս մասին տեղեկացրել է հանրահավաքի կազմակերպիչը՝ «Միլիոն պահեր հանուն ժողովրդավարության» ասոցիացիայի ղեկավար Միկուլաշ Մինարժը։
Նախաձեռնությունը նախատեսում է, որ Չեխիայի պետական ռադիոն և հեռուստատեսությունը ամբողջությամբ կֆինանսավորվեն պետական բյուջեից, իսկ հեռուստատեսության և ռադիոյի բաժանորդային վճարները կվերացվեն։ Բացի այդ, նախատեսվում է լրատվամիջոցների ֆինանսավորումը պետական բյուջեից կրճատել 15 տոկոսով։
Հանրահավաքի մասնակիցները պնդել են, որ այդ քայլը սպառնում է մամուլի ազատությանը, քանի որ լրատվամիջոցներն ավելի կախված կդառնան պետությունից։
Հանրահավաքի կազմակերպիչ Միկուլաշ Մինարժի խոսքով՝ բողոքի ակցիաներն ամենախոշորն են եղել վերջին 37 տարվա ընթացքում։ Միջոցառումն անցկացվել է Պրահայի Լետնա շրջանում։