Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ իրավապահների գործողությունները սկսել են երեկ երեկոյան։ Քրեական վարույթի հիմքը 2 դատավորների խոսակցությունն է քրեական մեկ անձի մասով։
Այս պահին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվում է Երևան քաղաքի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Բանն այն է, որ Գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, ԲԴԽ է ներկայացրել երկու միջնորդություն՝ դատավորների լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանն անձամբ է ներկայացել ԲԴԽ՝ դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի վերաբերյալ միջնորդությունները ներկայացնելու համար։