Թոշակառուի համար հազար դրամը բեռ է, չինովնիկի համար՝ մեկ միլիոն հավելումը՝ անհրաժեշտությո՞ւն. խոսուն թվեր
Կառավարությունը հերթական անգամ ցույց տվեց իր իրական առաջնահերթությունները. երբ խոսքը թոշակառուի խղճուկ թոշակներին ամսական 500-1000 դրամ հավելելու մասին է, պետական բյուջեն հանկարծ դատարկվում է, իսկ երբ խոսքը սեփական աշխատավարձերի բարձրացման մասին է՝ տասնյակ միլիարդներ գտնելու խնդիր չկա։
Սկզբում իշխանությունը որոշեց սահմանափակել թաղման 200 հազար դրամ նպաստի ստացման իրավունքը՝ այն կապելով սոցիալական անապահովության հետ։ Փոխարենը խոստացավ թոշակները բարձրացնել։ Հասարակության դժգոհությունից հետո, իշխանությունը հետ կանգնեց թաղման նպաստների սահմանափակման մտադրությունից։ Բայց դրան զուգահեռ հետ կանգնեց նաև թոշակները բարձրացնելու խոստումից:
Դե որոշել էին մեկը մյուսով փոխարինել ու անունը դնել թոշակների բարձրացում:
Այսինքն՝ թաղման նպաստը պահպանվեց, բայց թոշակառուին խոստացված նույնիսկ հազար դրամը չմնաց։
Նոյեմբերի 11-ին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ 2027 թվականի բյուջեում թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան։
Իհարկե կարելի է կլիներ նրա այս հայտարարությանը ըմբռնումով մոտենալ, եթե զուգահեռ իրականության մեջ, չինովնիկների աշխատավարձերն ասղային բարձունքների չհասնեին:
Համեմատության կարգով նշենք, որ նախարարի ներկայիս պաշտոնային աշխատավարձը շուրջ 998 հազար դրամ է։ Կառավարության հավանությանն արժանացած նախագծով այն նախատեսվում է դարձնել 2 միլիոն 163 հազար դրամ։ Սա ավելի քան կրկնապատկում է՝ 116 տոկոս աճ։
Նիկոլ Փաշինյանի, վարչապետի պաշտոնն զբաղեցնելու սկզբնական շրջանում՝ 2018 թվականին, նախարարի աշխատավարձը 793 680 դրամ էր։ Այսպիսով, առաջարկվող նոր դրույքաչափը շուրջ 2.7 անգամ ավելի է։
Նիկոլ Փաշինյանը ստանում է շուրջ 1 միլիոն 582 հազար դրամ, նախատեսվում է նրա աշխատավարձը բարձրացնել՝ հասցնելով 2 միլիոն 662 հազար դրամ՝ ամսական 1 միլիոն 80 հազար դրամով։
ԱԺ պատգամավորի 832 000 դրամը նախատեսվում է դարձնել 1 414 400 դրամ, այսինք՝ ևս 582 400 դրամով կավելանա:
Մի խոսքով՝ միայն պաշտոնյաների վարձատրության նոր համակարգի համար նախատեսվում է տարեկան ավելի քան 25 միլիարդ դրամ լրացուցիչ ծախս։
Եվ այս ամենը՝ այն դեպքում, երբ թոշակառուին նույնիսկ 1000 դրամ ավելացնելու համար գումար չկա։
Ավելին՝ պետական ծառայողների պարգևատրման համար այս տարի արդեն հատկացվել է 5 միլիարդ դրամ։ Իսկ աշխատավարձերի բարձրացման նախագիծը չի վերացնում պարգևավճարների հնարավորությունը։
Ստացվում է՝ ժողովրդի համար հազար դրամը բեռ է, իսկ իշխանավորի համար՝ մեկ միլիոն դրամ հավելումը՝ անհրաժեշտություն։
Իշխանությունը սեփական աշխատավարձերը բարձրացնելու հարցում խոսում է արդյունավետությունից, մասնագիտական որակներից ու պետական կառավարման ամրապնդումից։ Իսկ թոշակառուի դեպքում նույնիսկ հազար դրամը վերածվում է բյուջետային անհաղթահարելի խնդրի։
Երբ իշխանությունը սեփական գրպանի համար միլիարդներ է գտնում, բայց տարեց մարդու թոշակի համար հազար դրամ չի գտնում, խնդիրը փողի բացակայությունը չէ։ Խնդիրը առաջնահերթությունների և վերաբերմունքի մեջ է։
Սա դեռ մի կողմ։ Մյուս կողմից՝ խիստ վիճելի է, թե ով և ինչ չափանիշներով է գնահատելու այս պաշտոնյաների արդյունավետությունը։ Իրե՞նք են որոշելու՝ որքանով են արդյունավետ աշխատել, իրե՞նք են գնահատելու սեփական աշխատանքի արդյունքները և դրա դիմաց միլիոնավոր աշխատավարձեր ու կլորիկ պարգևավճարներ սահմանելու։
Եվ, ի վերջո, ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը։ Արդյոք կապիտուլյանտ քաղաքականություն վարած, երկրի առջև ծառացած ծանրագույն խնդիրները չլուծած իշխանավորներն իսկապե՞ս արժանի են միլիոնավոր դրամների աշխատավարձերի և պարգևավճարների, երբ երկրի տարեց քաղաքացիներին նույնիսկ հազար դրամ հավելելու համար «փող չկա»։
Թոշակառուից խնայում են հազար դրամը, իսկ իշխանավորի համար միլիոնները դարձնում պետական հոգածություն։ Սա ոչ թե արդարություն է, այլ իշխանության թալանչի դեմքը։
Արմինե Մկրտումյան