Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ գերիների փոխանակումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սկսել են աշխատանքը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակման նախապատրաստման ուղղությամբ։ Այն պետք է դառնա պատերազմի սկզբից ի վեր ամենախոշոր փոխանակումը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Սպիտակ տան փոխխոսնակ Աննա Քելլին։
Նա նշել է, որ Թրամփի հանձնարարությամբ Քուշներն ու Ուիթքոֆը լայնածավալ աշխատանք են իրականացրել ռուս-ուկրաինական հակամարտության երկու կողմերի հետ՝ ձգտելով վերջնականապես ավարտել այն։ Մասնավորապես, այս շաբաթ Աբու Դաբիում կայացել է եռակողմ բանակցությունների երկրորդ պատմական փուլը։ Թրամփի բանագնացները հանդիպումներ են ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ապահովվել է եվրոպացի գործընկերների մասնակցությունը հետագա քննարկումներին, ինչպես նաև սկսվել են պատերազմի ընթացքում ամենախոշոր ռազմագերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների շրջանակում փորձում են համաձայնության գալ ռազմագերիների խոշոր փոխանակման շուրջ՝ 1000-ը՝ 1000-ի դիմաց կամ 1500-ը՝ 1500-ի դիմաց։