Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է Հարավային Կովկասի եւ Արևմուտքի միջեւ ռազմական համագործակցությունից հրաժարվելու պահանջ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա այցից երկու օր առաջ ռուսական կողմը Միացյալ Նահանգներին ներկայացրել է իր պահանջները։ Դրանք ներառում են ոչ միայն Ուկրաինայի, այլև Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մի շարք այլ երկրների՝ Արևմուտքի հետ ռազմական համագործակցությունից հրաժարվելու պահանջը։ Խոսքը նախկին Խորհրդային Միության կամ նրա արևելյան դաշինքի կազմում ընդգրկված երկրների մասին է։
Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Նշվում է, որ պահանջները ներկայացված են եղել նոյեմբերի 10-ով թվագրված, չստորագրված փաստաթղթում։ The New York Times-ը գրում է, որ փաստաթղթի տեքստն ստացել է բանակցությունների մասնակիցներից մեկից, իսկ մեկ այլ աղբյուր հաստատել է դրա իսկությունը։
BBC-ն պարզաբանում է, որ դիվանագիտական պրակտիկայում նման փաստաթղթերը կոչվում են non-paper (ոչ պաշտոնական փաստաթուղթ)։ Դրանցում ներկայացվում է պետության դիրքորոշումը՝ առանց դրա համար պարտավորություններ ստանձնելու։
The New York Times-ը նշում է, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթն ընդհանուր առմամբ քիչ է տարբերվում այն պայմանագրի նախագծից, որը Ռուսաստանը հրապարակել էր 2021 թվականի դեկտեմբերին՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժման մեկնարկից կարճ ժամանակ առաջ։
Այդ փաստաթղթով նախատեսվում էր ՆԱՏՕ-ի ողջ ռազմական ենթակառուցվածքը դուրս բերել այն տարածքներ, որտեղ այն գտնվել էր մինչև 1997 թվականը, այսինքն՝ նախկին Վարշավյան պայմանագրի անդամ երկրների սահմաններից դուրս։
Ռուս դիվանագետները պահանջում էին ընդունել փաստաթղթի բոլոր դրույթներն առանց քննարկման։