Հորմուզի նեղուցում հերթական լցանավն է պայթել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցում ևս մեկ նավթատար լցանավ է պայթել ծովային ականի վրա։
Ինչպես հաղորդում է IRIB-ը, միջադեպի մասին հայտնել են ԻՀՊԿ ռազմածովային ուժերը։
Իրանական զինվորականների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան նավթատար լցանավը, անտեսելով նախկինում ստացած նախազգուշացումները, անջատել է հետևման և նույնականացման համակարգերը և Հորմուզի նեղուցից դեպի արևելք շարժվել արգելված երթուղով, ինչի հետևանքով բախվել է ծովային ականի։
Նշվում է, որ պայթյունից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել, իսկ այնուհետև նավը կորցրել է շարժունակությունը։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր ևս երկու լցանավերի՝ ականների վրա պայթելու մասին։