Փիթ Հեգսեթը մեդալով է պարգևատրել իրեն լռություն պահպանելու հորդոր արած զինվորականին
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մեդալ է հանձնել ամերիկացի զինծառայող Թոմաս Իգլեսիասին, որը նկատողություն էր արել Պենտագոնի ղեկավարին և այլ պաշտոնյաների՝ Անհայտ զինվորի գերեզմանի մոտ լռությունը խախտելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին՝ Արլինգթոնի ազգային գերեզմանատանը, Վետերանների օրվան նվիրված արարողությունից հետո։
Մինչ Հեգսեթը, նրա կինը և խորհրդականները հուշահամալիրի մոտ խմբակային լուսանկար էին անում, պատվիրակության անդամներից մեկը սկսել է բարձրաձայն ծիծաղել և խոսել։ Այդ պահին պահակակետում ծառայություն իրականացնող զինվորը դադարեցրել է պարեկությունը և ներկաներից պահանջել պահպանել լռությունն ու հարգել հուշահամալիրը։
Ավելի ուշ Պենտագոնի ղեկավարը անձամբ է պարգևատրել զինվորին՝ գովաբանելով նրա օրինակելի ծառայությունն ու պարտքին նվիրվածությունը։ Հեգսեթը պարգևատրման լուսանկարները հրապարակել է X սոցիալական ցանցում։