Մերցը Թրամփին կոչ է արել ՌԴ-ի հետ բանակցություններում մնալ «Եվրոպայի թիմում». Reuters
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նոյեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով առաջիկա բանակցություններում անակնկալներ չմատուցել։
«Այստեղ՝ Դուբլինում, ոմանք մտավախություն ունեն, որ դա կարող է վերածվել «Անքորիջի երկրորդ դրվագի»։ Ուստի ուզում եմ Միացյալ Նահանգներին շատ հստակ ասել. խնդրում եմ՝ առանց անակնկալների։ Շարունակեք խաղալ «Եվրոպայի թիմի» և «Ուկրաինայի թիմի» կազմում»,- կանցլերի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։
Ըստ Գերմանիայի կառավարության ղեկավարի՝ Իռլանդիայում հավաքված եվրոպական առաջնորդներից շատերը լրջորեն մտահոգված են, որ Չինաստանում Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է հանգեցնել Բրյուսելի թիկունքում ձեռք բերված կուլիսային պայմանավորվածությունների։ Այդ կապակցությամբ Մերցն ընդգծել է դաշնակիցների միասնական դիրքորոշման պահպանման և Կիևի հետ ջանքերի համակարգման կարևորությունը։
Բացի դրանից, կանցլերը հայտնել է, որ առաջիկա շաբաթներին սպասվում են ուկրաինական հակամարտության շուրջ առաջին բանակցությունները՝ եվրոպական երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մերցը նաև դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության քննարկմանը։