Վարդապետյանը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի կոմիտեի նիստին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում է՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (IAP) Գործադիր կոմիտեի 62-րդ նիստին և 31-րդ տարեկան համաժողովին։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի սեպտեմբերի 9-ին ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ։ Գործադիր կոմիտեն Ասոցիացիայի ղեկավար մարմինն է և գործում է Ասոցիացիայի բարձրագույն մարմնի՝ Գլխավոր ժողովի լիազորությունների ներքո։
Դատախազների միջազգային ասոցիացիան միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որը միավորում է տարբեր երկրների դատախազներին և նպաստում դատախազական գործունեության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և իրավունքի գերակայության ամրապնդմանը։