Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ քննարկումները հնարավոր են Ուկրաինայում հրադադարի հաստատումից հետո. Կայա Կալլաս
Եվրամիությունը պետք է պնդի Ուկրաինայում հրադադարի հաստատման հարցում՝ որպես խաղաղ կարգավորման առաջին քայլ՝ ուշադրությունը չշեղելով եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ Ռուսաստանի պահանջների քննարկմամբ։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Դուբլինում ԵՄ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ։
«Ամենակարևորը ձեռք բերված պայմանավորվածությանը հավատարիմ մնալն է. նախ՝ հրադադար, ապա՝ խաղաղության համաձայնագիր, և միայն դրանից հետո՝ հետագա քայլերի վերաբերյալ ցանկացած այլ քննարկում»,- ասել է Կալասը։
Նրա խոսքով՝ այս փուլում եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ քննարկումները կարող են ուշադրությունը շեղել գլխավոր խնդրից՝ հրադադարի հաստատումից։
«Եթե սկսենք քննարկել անվտանգության ճարտարապետության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները, կհայտնվենք ծուղակում»,- ընդգծել է նա։
Կալասը նաև հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է բանակցությունների համար մշակի սեփական առավելագույն պահանջները, քանի որ Ռուսաստանը հանդես է գալիս առավելապաշտական պայմաններով։
«Եթե կողմերից մեկը բանակցությունները սկսում է առավելագույն պահանջներով, իսկ մյուսը ոչինչ չի պահանջում, կարելի է կռահել, թե ինչով կավարտվեն այդ բանակցությունները»,- նշել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը։
Նա հավելել է, որ համապատասխան առաջարկները պատրաստել է ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ համատեղ։