Էջմիածնի պատկերասրահը կվերանորոգվի և կարդիականացվի
Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Էջմիածնի պատկերասրահը կվերանորոգվի և կարդիականացվի։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 166 000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի և թանգարանի համաֆինանսավորման շնորհիվ։
Ընթացիկ տարվա սկզբին Պատկերասրահը դիմել է հիմնադրամի դրամաշնորհային ծրագրին։ Հատկացված ֆինանսական միջոցներով նախատեսվում է վերանորոգել և արդիականացնել Էջմիածնի պատկերասրահը։
Վաղարշապատում գտնվող թանգարանը ներկայացնում է ամերիկահայ անվանի քանդակագործ և նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործական ժառանգությունը։ Ներկայումս թանգարանի հիմնական ցուցադրությունը տեղակայված է շենքի առաջին հարկում, իսկ երկրորդ հարկը գտնվում է անմխիթար վիճակում։
Առաջիկա աշխատանքները հնարավորություն կտան էապես բարելավելու թանգարանային պայմանները։ Շենքի պատմության մեջ առաջին անգամ կգործի նաև երկրորդ հարկը, իսկ նորացված թանգարանը կդառնա հայ-ամերիկյան մշակութային երկխոսության, կրթական ծրագրերի և նոր նախաձեռնությունների կարևոր հարթակ։
Ծրագրի մեկնարկն ազդարարել են ԱՄՆ դեսպանատան հանրային դիվանագիտության բաժնի ղեկավար Գրիֆին Ռոզելը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է վերջին տարիներին մեկնարկած՝ Երևանում և ՀՀ մարզերում գտնվող 14 մասնաճյուղերի վերանորոգման ու արդիականացման երկարաժամկետ ծրագիրը։ Արդեն վերանորոգվել է 7 մասնաճյուղ։