ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդը Մերձավոր Արևելքում արմատական փոփոխությունների կոչ է արել
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հինգշաբթի անցկացված ամենշաբաթյա մամուլի ասուլիսում Մերձավոր Արևելքում «արմատական փոփոխությունների» կոչ է արել և վերահաստատել իր աջակցությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը՝ երկու պետության սկզբունքի հիման վրա, հաղորդում է Reuters-ը։
«Ստեղծված իրավիճակն անընդունելի է, և մեզ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ։ Իմ կարծիքով՝ դա նշանակում է, որ պետք է ապահովել Իսրայելի անվտանգությունը, որը պետք է խաղաղ գոյակցի անկախ պաղեստինյան պետության կողքին, որն էլ պաղեստինցիներին արժանապատվություն և ինքնորոշման իրավունք կերաշխավորի»,- ասել է Ջեֆրիսը։
Հայտարարությունը հնչել է անցած շաբաթ ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների համոզիչ հաղթանակից հետո։ 2027 թվականի հունվարի 3-ից կուսակցությունը վերահսկողություն կստանա Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել Վաշինգտոնի առանցքային դաշնակիցներից մեկին՝ Իսրայելին, ամերիկյան աջակցության վերանայմանը։
Հաջորդ տարի դեմոկրատներն առաջատար դեր կունենան օրինագծերի մշակման և քվեարկության դրվելիք նախաձեռնությունների որոշման հարցում։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կպահպանի վետոյի իրավունքը, որը Կոնգրեսը կարող է հաղթահարել միայն երկու պալատներում ձայների երկու երրորդի մեծամասնությամբ։
Ընտրություններում հաղթած բազմաթիվ դեմոկրատներ դեմ էին արտահայտվել Իսրայելին ռազմական օգնության տրամադրմանը և Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին։ Ակնկալվում է, որ հաջորդ տարի այդ հարցերը կհայտնվեն օրենսդիրների առավել սևեռուն ուշադրության կենտրոնում։
Նյու Յորք նահանգը ներկայացնող Ջեֆրիսը, որը դիտարկվում է որպես Ներկայացուցիչների պալատի ապագա խոսնակ, միաժամանակ կոչ է արել էական փոփոխություններ կատարել Հորդանան գետի Արևմտյան ափի և Գազայի հատվածի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մեջ։
Բացի դրանից, նա հանդես է եկել Իսրայելի հետ փոխըմբռնման հուշագրի վերանայման օգտին, որը նախատեսում է այդ երկրին տարեկան 3,8 միլիարդ դոլարի ամերիկյան ռազմական օգնության տրամադրում։ Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2028 թվականի սեպտեմբերին։
ԱՄՆ-ում Իսրայելին երկար տարիներ ցուցաբերվող երկկուսակցական աջակցությունն արդեն բախվել է լուրջ տարաձայնությունների՝ Գազայում իսրայելական ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Թրամփի և հանրապետականների հետ մերձեցման ֆոնին։