Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները. Ուշակով
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցային գործընթացը՝ Ուկրաինայի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ամփոփելով Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել Վաշինգտոնի հետ քննարկելու եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության վերաբերյալ առաջարկները։
Ուշակովը նաև հայտնել է, որ ներկայումս համաձայնեցվում են ռազմագերիների ամենախոշոր փոխանակման պարամետրերը։
Բացի այդ, ակտիվ քննարկվում է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպման բովանդակությունը։
Կրեմլը հույս ունի, որ Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ հանդիպման ընթացքում հնչեցված ուղերձները կփոխանցեն Զելենսկուն։