Եթե ապրել ես, առավել ևս՝ մասնակցել ես պետական որոշումների կայացմանը, ապա այսօր միայն հայտարարելը, որ թագավորը մերկ է, դեռ բավարար չէ. Անանյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասին
Եթե ապրել ես, առավել ևս՝ մասնակցել ես պետական որոշումների կայացմանը, ապա այսօր միայն հայտարարելը, որ թագավորը մերկ է, դեռ բավարար չէ, գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի հոդվածին:
«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածը, կարծում եմ, պետք է դիտարկել ոչ միայն որպես արտաքին քաղաքականության վերաբերյալ վերլուծություն, այլև որպես ինքնուրույն քաղաքական դիրքավորման հնարավոր մեկնարկ։
Եվ եթե այդպես է, ապա գործ ունենք բավական ուշագրավ իրողության հետ։ Իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը, ութ տարի գտնվելով պետական անվտանգային որոշումների կայացման համակարգում, այսօր հրապարակայնորեն խոսում է այնպիսի խնդիրներից, որոնց ձևավորման և չկանխման ժամանակ ինքն էլ եղել է այդ համակարգի մաս։
Սկսեմ նրանից, որ հոդվածում կան բազմաթիվ ողջամիտ դիտարկումներ։
Հայաստանի եվրոպական ինտեգրումը չի կարելի շփոթել Եվրամիությանն անդամակցելու քաղաքական հայտարարությունների հետ։ Ռուսաստանից կախվածությունը չի կարելի նվազեցնել այնպիսի քայլերով, որոնք կարող են այդ կախվածությունն ավելի խորացնել։ Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները չի կարելի զոհաբերել աշխարհաքաղաքական պատրանքներին։ Իսկ արտաքին քաղաքականությունը պետք է կառուցել ոչ թե ցանկությունների, այլ պետության իրական տնտեսական, անվտանգային և ինստիտուցիոնալ կարողությունների վրա։
Սրանք այն մոտեցումներն են, որոնց մասին մենք վաղուց ենք խոսում։
Բայց կա սկզբունքային տարբերություն։
Մենք այդ խնդիրները դիտարկում ենք որպես պետական քաղաքականության համակարգային վերանայման անհրաժեշտություն՝ տնտեսական կառուցվածքի փոփոխությունից մինչև անվտանգային կարողությունների վերականգնում։ Իսկ Գրիգորյանը, նկարագրելով առկա խոցելիությունները, գրեթե չի անդրադառնում դրանց ձևավորման պատմությանը և այդ պատմության մեջ իր դերակատարությանը։
Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։
Եթե Հայաստանի պետական համակարգը բավարար դիմակայունություն չունի արտաքին ճնշումների նկատմամբ, ապա ո՞վ և ե՞րբ պետք է ապահովեր այդ դիմակայունությունը։
Եթե ԵՄ անդամակցության անիրատեսական օրակարգը կարող է վտանգել մեր տնտեսական և անվտանգային շահերը, ապա ինչո՞ւ այդ վտանգները ժամանակին չկանխվեցին։
Եթե ժողովրդավարական առաջընթացը վերածվել է հետընթացի, ապա ի՞նչ էր անում այն պետական համակարգը, որի բարձրագույն օղակներում աշխատում էր նաև այդ հետընթացն այսօր արձանագրող պաշտոնյան։
Եվ, վերջապես, եթե մեր արտաքին քաղաքականությունը կառուցվել է ռազմավարական պատրանքների վրա, ապա ո՞վ էր մասնակցում այդ քաղաքականության մշակմանը, դրա ռիսկերի գնահատմանն ու իրականացմանը։
Սրանք հռետորական հարցեր չեն։ Սրանք պետական պատասխանատվության հարցեր են։
Իհարկե, Անվտանգության խորհրդի քարտուղարը միանձնյա չի որոշում երկրի արտաքին քաղաքականությունը։ Բայց ութ տարի այդ պաշտոնը զբաղեցրած մարդը չի կարող իր նախկին պաշտոնական փորձառությունը ներկայացնել որպես սեփական գնահատականների արժանահավատության ապացույց, իսկ նույն ժամանակահատվածի քաղաքական արդյունքների նկատմամբ իր պատասխանատվության հարցը թողնել չպարզաբանված։
Առավել ևս, երբ այդ տարիներին Հայաստանն անցել է պատերազմի, տարածքային և մարդկային ծանր կորուստների, Արցախի հայաթափման ու անվտանգային համակարգի խորագույն ցնցումների միջով։
Հոդվածում առանձնապես ուշագրավ է նաև Անկախության հռչակագրի և ԵՄ անդամակցության գործընթացի մասին օրենքի միջև անցկացվող զուգահեռը։ Պետականության հիմնադիր փաստաթղթի և ընթացիկ արտաքին քաղաքական նպատակ սահմանող օրենքի համադրությունը առնվազն պահանջում է շատ ավելի լուրջ իրավաքաղաքական հիմնավորում։ Հայաստանի ինքնության և սահմանադրական հիմքերի վերաբերյալ հարցերը չեն կարող դիտարկվել սոսկ դիվանագիտական հարմարավետության տեսանկյունից։
Այս ամենով հանդերձ՝ ես չէի շտապի հոդվածը գնահատել միայն որպես նախկին պաշտոնյայի ինքնարդարացման փորձ։ Հնարավոր է՝ սա իսկապես քաղաքական հայացքների վերանայման արդյունք է, կամ, որ ավելի հավանական է՝ ինքնուրույն քաղաքական հայտի նախապատրաստություն։
Բայց երկու դեպքում էլ կա մի պայման, առանց որի նոր քաղաքական խոսքը դժվար է արժանահավատ համարել՝ նախկին որոշումների և սեփական դերակատարության վերաբերյալ ազնիվ հաշվետվությունը։
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե նույն քաղաքականության նոր մեկնաբանություն, այլ պետական կառավարման նոր որակ։ Ոչ թե նախկին որոշումների պատասխանատվությունից ազատված նոր դեմքեր, այլ այնպիսի քաղաքական մտածողություն, որը պատրաստ է պատասխան տալ նաև սեփական անցյալի համար։
Եվ այստեղ վերադառնանք հոդվածի ամենակարևոր, թեկուզ չարտասանված խոստովանությանը։
Երբ իշխանության անվտանգության քաղաքականության երկարամյա պատասխանատուներից մեկը հրապարակայնորեն նկարագրում է պետական կառավարման ռազմավարական խոցելիությունները, նա ակամայից բացում է շատ ավելի լայն քննարկում՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականության, այլև վերջին ութ տարիների կառավարման արդյունքների մասին։
Թագավորը մերկ է։
Բայց մերկությունը նկատելու համար պարտադիր չէր ութ տարի ապրել պալատում։
Իսկ եթե ապրել ես, առավել ևս՝ մասնակցել ես պետական որոշումների կայացմանը, ապա այսօր միայն հայտարարելը, որ թագավորը մերկ է, դեռ բավարար չէ։
Պետք է նաև բացատրել, թե այդ ամբողջ ընթացքում ով էր կարում նրա գոյություն չունեցող հագուստը, ով էր հավանություն տալիս դրան, և ինչու էին բոլորը համոզում ժողովրդին, թե թագավորը հրաշալի է հագնված»,- գրել է նա: